Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հայտարարում է՝ պարգևատրումների վերաբերյալ մամուլում ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ՊԵԿ մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ մամուլում ներկայացված թվերը ապատեղեկատվություն և բացահայտ սուտ է որակում։

Այսօր տարածած հայտարարությունում նշված է՝ նման պարգևատրումների չափեր կոմիտեում չկան։

«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան», - ասված է հայտարարությունում:

Կոմիտեն միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, «քանի որ անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել»:

«Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդհանուր թվային պատկերը, և այս ամենը թափանցիկ է: Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը», - հայտնել է ՊԵԿ-ը:

Մյուս կողմից, կոմիտեն հարկ է համարել ընդգծել, որ, օրինակ, 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն:

«Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել։ Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է: Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում», - ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ երեկ Yerevan.Today-ը «ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները» վերնագրով հոդված հրապարակեց, որտեղ մասնավորապես ներկայացված էր դեկտեմբերին ՊԵԿ ղեկավարության «ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը»։ Համաձայն այդ հրապարակման՝ «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ստացել է 8 մլն 55 հազար դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 հազար դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն 930 հազար դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ 6 մլն 6 հազար դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 հազար դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյանը՝ 2 մլն 763 հազար դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտրյանը՝ 2 մլն 30 հազար դրամ, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյանը՝ 1 մլն 574 հազար դրամ»։

Այսօր ՊԵԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով. - «Ապատեղեկատվություն է, լուրը չափազանցված է և սուտ է։ Ես ճշտել եմ և ասում եմ, որ այդ տեղեկատվությունը սուտ է։ Այդպիսի պարգևատրումների գումարներ հնարավոր չեն ուղղակի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG