Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործի կասեցման դեմ լրագրողների բողոքի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց


Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների և լրագրողների դեմ, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների և լրագրողների դեմ, 29-ը հուլիսի, 2016թ․

2016 թվականի Սարի թաղի գործի կասեցման դեմ լրագրողների բողոքի գործով դատական առաջին նիստն այսօր հետաձգվեց։ Դատավոր Հարություն Մանուկյանն ասաց՝ գործով դատախազի հետ ունի մտերիմ հարաբերություններ և այս կապակցությամբ կողմերն իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն։

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Սարի թաղի դեպքերից տուժած լրագրողները դժգոհ էին Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումից, որով քրեական գործը կասեցվել էր։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիայի մասնակիցների ու այն լուսաբանող լրագրողների վրա:

Ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը, ով ոստիկանների արձակած պայթուցիկներից վնասվածք ստացածներից մեկն է, անդրադառնալով այսօրվա դատական նիստին, ասաց. - «էս ամեն ինչը Կաֆկայի դատավարությանն է նմանվում. հիմա արդեն հասել ենք նրան, որ ոչ թե գործի մանրամասներն են քննվում, ոչ թե մեղավորներին ենք բացահայտում, այլ կասեցման հարցով դատարանի նիստ, հիմա էլ հետաձգվել է, այսինքն՝ մեծ խառնաշփոթ, քաոս է, որը բուն գործի քննությանը չի միտված այլ նախկինում թույլ տրված բացթողումների հետևանքներն ենք քաշում մենք բոլորս»:

Ֆոտոլրագրողը վստահ է՝ եղել են բավարար ապացույցներ և փաստեր գործն առաջ տանելու համար, ինչը չի արվել. - «Անգամ ես առաջին օրերին փոքրիկ հետաքննություն էի արել, հավաքել էի այն կասկածելի դեմքերը, որոնք ինձ թվացել էին ծանոթ, որոնք ուղղակիորեն իմ դեպքի հետ էին կապված: Այդ փաստերը, իհարկե, բավարար էին, բայց էլ ավելի շատ կլինեին փաստերը, եթե այդ օրերին ՀՔԾ-ն աշխատեր այնպես, ինչպես որ նորմալ ՀՔԾ֊ն պետք է աշխատի: Այսինքն՝ տաք հետքերի հիման վրա արվեր այդ ամեն ինչը, ոչ թե թողնվեր տարիների վրա, կոպիտ ասած՝ սառույցին գրեին ու հանգեին այսօրվան: Քանի որ հիմա, մեծ հաշվով, եթե ինձ կանչեն և դեմ առ դեմ նստեցնեն որևէ մեկի հետ, ես ինքս էլ վստահություն չեմ ունենա՝ արդյոք սա այն մարդն էր, թե այն մարդը չէր»:

Լրագրողը որոշել է՝ իր իրավունքները պաշտպանելու է և գործը մինչև վերջ է տանելու. - «Ինձ համար դա լրագրողական պատվի հարց է, որովհետև բոլորը պետք է իմանան, որ լրագրողների իրավունքների խախտումները, սահմանափակումը պետք է դատապարտվի օրենքով ու բոլորի համար դա օրինակ պետք է ծառայի:

Չնայած Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, թե՝ վարույթը կասեցվել է, բայց դա չի նշանակում որ քննչական գործողությունները չեն շարունակվելու, Գևորգ Ղազարյանի ներկայացուցիչը պնդեց՝ այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի իրականացվել, իսկ նախկինում էլ քննությունը թերի է կատարվել։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց՝ վարույթն իրականացնող մարմինն անգործության է մատնված։ «Ազատության» հարցին, թե ինչով է սա պայմանավորված, փաստաբանն ասաց. - «Նախկինում առանձնապես մեծ կամք, ցանկություն չի եղել գործը բացահայտելու և շատ գործողություններ կատարվել են ուղղակի իներցիայով: Ու նախկինում կատարված այդ ձևական քննության արդյունքում այսօր չեն կարողանում նորմալ քննություն իրականացնել»:

Դատական հաջորդ նիստի օրը դեռ չի հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG