Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ում «ներկուսակցական պայքարը գագաթնակետին է հասել»


Վրաստան - «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրի նիստը, Թբիլիսի, հոկտեմբեր, 2018թ․
Վրաստան - «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրի նիստը, Թբիլիսի, հոկտեմբեր, 2018թ․

Մի քանի ժամից Թբիլիսիում կմեկնարկի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր մարմնի և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստը, որի ընթացքում, ըստ վրացական լրատվամիջոցների, կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կարող է հայտարարել կադրային նոր փոխատեղումների մասին:

«Վերջին օրերին ազդեցության վերաբաշխման համար մղվող ներկուսակցական պայքարը գագաթնակետին է հասել», - գրում է թբիլիսյան «Կվիրիս Պալիտրա» պարբերականը:

Georgia Online կայքը, վկայակոչելով թբիլիսցի փորձագետներին, պնդում է, որ ամպեր են կուտակվել նախևառաջ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավերևում: Նախորդ տարվա ամռանը այս պաշտոնում նշանակված Բախտաձեն այսօրվա նիստի արդյունքում կարող է պաշտոնանկ արվել, իսկ նրա աթոռը հնարավոր է զբաղեցնի կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը` ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

«Գախարիայի` վարչապետի պաշտոնում նշանակման հարցը լուծված էր դեռ նախորդ ամռանը: Վերջին պահին, սակայն, Իվանիշվիլին որոշեց կառավարության ղեկը վստահել Մամուկա Բախտաձեին», - նշում է «Վրացական երազանք»-ի երբեմնի ազդեցիկ անդամներից մեկը` 2020 News կայքի խմբագիր Անի Միրոտաձեն:

Վրացական աղբյուրները չեն բացառում նաև, որ այսօր կայանալիք նիստի ընթացքում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի պաշտոնանկության մասին որոշում կկայացվի:

Մեծ է հավանականությունը, որ այսօրվա նիստի ընթացքում «Վրացական երազանք»-ի շարքերից հեռացվի իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը` պատգամավոր Էկա Բեսելիան: Խորհրդարանի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Բեսելիան արդեն մի քանի ամիս է սուր հակամարտության մեջ է «Վրացական երազանք»-ի այսպես կոչված «երիտասարդ թևի» հետ, ինչի արդյունքում մի քանի շաբաթ առաջ զրկվեց պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ իշխող կուսակցության ներսում ծավալվող գործընթացները վկայում են, որ Իվանիշվիլին և նրա թիմակիցները զբաղված են բացառապես ներկուսակցական ազդեցության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ:

«Երկրում ճգնաժամային իրավիճակ է, տնտեսական իրավիճակը վատթարանում է: Միջազգային ասպարեզում մենք կորցնում ենք մեր դիրքերը, Վրաստանի անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը ձախողվել են: Այս իրավիճակում, սակայն, Բիձինա Իվանիշվիլին և իշխող մեծամասնությունը զբաղված են բացառապես իրենց կլանային շահերի ապահովմամբ և ազդեցության ոլորտների հստակեցմամբ», - հայտարարում էր ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG