Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. Վրաստանը պարտավորվել է ՀՆԱ 2 տոկոսը հատկացնել պաշտպանական ծախսերին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վրաստանի նախագահի հանդիպումը, Բրյուսել, 23-ը հունվարի, 2019թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վրաստանի նախագահի հանդիպումը, Բրյուսել, 23-ը հունվարի, 2019թ․

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր առաջին արտերկրյա այցի ընթացքում այսօր այցելել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայան` կազմակերպության ղեկավարության հետ քննարկելով Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները: Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բանակցությունների ավարտին նշում էր, որ կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:

«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները` ուղղված ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը: Մենք ողջունում ենք Վրաստանում իրականացվող բարեփոխումները` այդ թվում զինված ուժերի արդիականացմանն ուղղված գործողությունները: Ես ողջունում եմ նաև Վրաստանի պարտավորությունը` հետևել ՆԱՏՕ-ի չափանիշներին և երկրի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը հատկացնել պաշտպանական ծախսերին», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Յենս Ստոլտենբերգը նաև նշում էր, որ Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ուժերի կուտակումները լրջորեն մտահոգում են թե՛ դաշինքի անդամներին և թե՛ Վրաստանի ղեկավարությանը: Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում իր գործունեության հիմնական շեշտը դնելու է Վրաստանի ռազմածովային ուժերի հետ համագործակցության խորացման վրա:

«Մենք մարզումներ կանցկացնենք Վրաստանի ծովափնյա պաշտպանության ուժերի մարտիկների հետ, կխորացնենք համագործակցությունը Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միջև: Մենք պատրաստվում ենք լուրջ համագործակցություն ծավալել Վրաստանի ռազմածովային գործողությունների միասնական կենտրոնի և ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության միջև», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG