Մատչելիության հղումներ

Ալեքսիս Օհանյանն ուզում է Հայաստանը վերադարձնել ոգելից խմիչքների միջազգային քարտեզ. «Ֆորբս»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է «Ռեդդիթ»֊ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, Երևան, 27-ը հունիսի, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է «Ռեդդիթ»֊ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, Երևան, 27-ը հունիսի, 2018թ․

Հեղինակավոր «Ֆորբսն» անդրադարձել է ամերիկյան Reddit սոցիալական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի նոր նախաձեռնությանը՝ հայկական կոնյակի արտադրությանը՝ պնդելով, որ Օհանյանն ուզում է Հայաստանը վերադարձնել ոգելից խմիչքների միջազգային քարտեզ, իր նոր բրենդիով՝ «Շախմատով»:

Ամերիկահայ գործարարը, որ տարիներ առաջ ընդգրկվել էր «Ֆորբսի» երիտասարդ ու հեռանկարային բիզնեսմենների ցանկում, անցած տարի հայտարարեց, թե ալկոհոլային խմիչքի սիրահարների ու գիտակների Flaviar ակումբի հետ սկսում է հայկական բրենդիի արտադրություն:

«Ֆորբսը» պատմում է. - «35-ամյա Օհանյանը սերում է ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքից: 2010-ից՝ առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո, նա մտմտում էր, թե ինչպես կարող է արժանին մատուցել հայրենիքին և Հայաստանից մի կտոր տանել հետը Միացյալ Նահանգներ: Անցած տարի, ծանոթանալով կոնյակը ծիրանի հետ ըմբոշխնելու հայկական ավանդույթին, նա որոշեց այն համաշխարհային դարձնել»:

«Հայերն իսկապես հպարտանում են հայկական կոնյակով, այն լեգենդար է, սակայն, Հայաստանից ու հայկական համայնքից դուրս որևէ մեկը դրա մասին չգիտի, ինչն իսկապես ամոթ է», - ասել է Օհանյանը՝ հավելելով․ - «Բրենդի խմելը հայկական սովորույթ է, որ դարերի պատմություն ունի, համայնքում այդ մասին բոլորը գիտեն ու սիրում են: Սակայն, Ուինսթոն Չերչիլից բացի, ով հայկական բրենդիի սիրահարն էր, այն չի տարածվել աշխարհում, ինչով էլ ես հիմա ուզում եմ զբաղվել»:

Նախաձեռնության մեկնարկին՝ անցած տարի, Օհանյանը հինգերորդ անգամ այցելել էր Հայաստան և 24 ժամվա ընթացքում եղել, իր խոսքով, բոլոր այն վայրերում, որտեղ միահյուսվում են հայկական մշակույթը, պատմությունը, Հայաստանի համն ու հոտը:

«Լույսը չբացված կանգ առանք Արարատ լեռան փեշին՝ արևածագը դիմավորելու: Երբեք չեմ մոռանա այդ պատկերը, տխրությունը, այն ամենի համար, որ մեր ժողովուրդը կորցրել է, և դրան հաջորդած ահռելի հույսը։ Չէ՞ որ, չնայած ամենին, մենք բարգավաճում ենք, և աշխարհը դեռ նոր է ծանոթանում Հայաստանի հնարավորություններին», - նշել է Օհանյանը:

«Ֆորբսին» տված հարցազրույցում Օհանյանը նշել է, որ մանկուց է սովորել շախմատ խաղալ, և դրա հմտությունները հիմա կիրառում է բիզնեսի մեջ: Բիզնեսում, ինչպես և շախմատում, իրական մարտահրավերն այն է, որ իմանաս՝ երբ պետք է քայլդ անես», - ասել է Օհանյանը, բացատրելով, թե ինչու է ներդրումային այս ծրագիրը հենց հիմա սկսել: - «Հայաստանն արդիականանում է՝ խաղաղ հեղափոխությունից հետո, պատմության մեջ նոր էջ է բացվել», - ասել է ամերիկահայ գործարարը՝ պատմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: - «Դա իրոք հրաշալի հանդիպում էր, կա ամբողջ երկրում զգացվող լավատեսություն, որովհետև աշխատանքը, որ նա արել է և շարունակում է, նվազեցնում է կոռուպցիան, զարգացում է ապահովում, ինչը ոգևորիչ է։ Հայերը բարգավաճում են ողջ աշխարհում, և ուրեմն ճիշտ կլինի, որ բարգավաճեն նաև հայրենիքում», - նշել է ամերիկահայ գործարարը:

«Մենք հպարտ ժողովուրդ ենք, շատ հպարտ: Հայաստանի ազգային երկու հպարտություններից մեկը շախմատն է, մյուսը՝ բրենդին: Հենց այդ պատճառով էլ մենք մեր նոր բրեդին կոչել ենք «Շախմատ»: Մեզ համար շախմատն ավելին է, քան խաղը: Սա կյանքի է խորհրդանիշ է, և այն մարդկանց իմաստնությունը, որ չեն ընկրկում անգամ, երբ նրանց շախ են հայտարարում»,- ավելի վաղ՝ Հայաստան այցելելուց հետո, ասել էր Օհանյանը:

Պատմելով կոնյակի արտադրության մասին՝ Օհանյանը «Ֆորբսին» ասել է. - «Խաղողը լինելու է բացառապես հայկական, փայտը՝ կովկասյան կաղնուց: Հենց այդ պատճառով էլ որոշել ենք համագործակցել Armenian Tree Project-ի հետ՝ ցույց տալու աշխարհին հայկական լավագույն ավանդույթները, ինչպես նաև Հայաստանի բնական պաշարները: Կոնյակի հիմքում 23 տարվա հնեցված հումքն է, շատ բարձրորակ»,- ասել է Օհանյանը՝ ընդգծելով. - «Մեզ համար շատ կարևոր է, որ մարդկանց առաջին ծանոթությունը հայկական մշակույթին ու պատմությանը լինի բարձրակարգ: Ես վստահեցրել եմ Flaviar-ի թիմին, որ ոչ մի բանի վրա չենք տնտեսելու, որպեսզի «Շախմատի» համն իսկապես անմոռանալի ու տպավորիչ լինի»:

Ավելի վաղ գործարարը հաղորդել էր, որ «Շախմատի» վաճառքից ստացվելիք հասույթի մի մասը ուղղվելու է բարեգործական Armenia Tree Project ծրագրին, որը վերջին 20 տարում 5,5 միլիոն ծառ է տնկել Հայաստանում, վերականգնել անտառներն ու նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG