Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
Ֆորումի երկրորդ օրը վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:
«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ քննարկել նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կիրիլ Դմիտրիևը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ իր գլխավորած հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նորանոր նախագծերի կյանքի կոչման քաղաքականությունը: Նա շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված նոր հնարավորությունները` պատրաստվում են քայլեր ձեռնարկել իրենց միջազգային գործընկերներին այս երկիր ներգրավելու ուղղությամբ:
Վարչապետը հանդիպում է ունեցել նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտգործնախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին: