Մատչելիության հղումներ

ԵՄ-ն առայժմ չի պատրաստվում գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, Բրյուսել, 22-ը հունվարի, 2019թ․
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, Բրյուսել, 22-ը հունվարի, 2019թ․

Եվրամիությունը մտադիր չէ գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը: Երեքշաբթի երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵՄ հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով հանձնակատար Յոհանես Հանը:

«Տարին մեկ անգամ մենք վիզային ռեժիմի ազատականացմանը վերաբերող զեկույց ենք հրապարակում: Վերջին նման զեկույցը հրապարակվել է նախորդ տարվա դեկտեմբերին: ԵՄ տարածքում անհիմն կերպով ապաստան հայցող [Վրաստանի] քաղաքացիներ իհարկե կան: Նրանց թիվը, սակայն, նույնատիպ ճանապարհով Եվրոպա ձգտող մյուս անձանց համեմատ աննշան է: Այնպես որ՝ վիզային ազատ ռեժիմի սառեցման խնդրանքով կամ առաջարկով դիմելու որևէ պատճառ կամ ցանկություն չկա», - հայտարարում էր Հանը:

Այս թեման կրկին խիստ հրատապ դարձավ, երբ Սալոմե Զուրաբիշվիլիի բրյուսելյան այցի մեկնարկից հաշվված ժամեր առաջ Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն խոսեց Շենգենյան համաձայնագրի գոտում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճի մասին:

«Շենգենյան գոտու մի շարք երկրներ` այդ թվում Ֆրանսիան և Գերմանիան, մատնացույց են անում այն հանգամանքը, որ ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը աճում է: 2017 թվականին նման անձանց թիվը 6 հազար է կազմել: Մինչև ազատ վիզային ռեժիմի սահմանումը այդ թիվը եռապատիկ պակաս էր` մոտ 2 հազար: Այդ ամենը տեսականորեն կարող է հանգեցնել ազատ վիզային ռեժիմի սառեցմանը», - հայտարարում էր Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Ֆրանսիացի դիվանագետի այս հայտարարության հանրային արձագանքն այնքան մեծ էր, որ Վրաստանի նորընտիր նախագահն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում ստիպված էր անդրադառնալ խնդրին:

«Ես ծանոթ եմ Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին: Պետք է, սակայն, հաշվի առնել այն հանգամանքը, որ դեսպանը հատուկ ընդգծել է` այս պահին վիզային ազատ ռեժիմի սառեցման հարցը օրակարգային չէ», - նշում էր Զուրաբիշվիլին:

Այս պահին ԵՄ-Վրաստան ազատ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունները բացառում է նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Նրա խոսքով՝ Բրյուսելում առայժմ գոհ են Վրաստանի որդեգրած գործելաոճից:

«Պետք է նշեմ, որ եվրոպական տեսանկյունից, Եվրահանձնաժողովի տեսակետից ելնելով` մեզ գոհացնում է, թե ինչպես է Վրաստանը լուծում վիզային ռեժիմին վերաբերող խնդիրները: Իհարկե, որոշակի հարցեր մնում են, բայց դրանք միայն Վրաստանին չէ, որ վերաբերում են: Ժամանակ առ ժամանակ մենք որոշակի հետազոտություններ ենք նախաձեռնում և տեսնում ենք, որ անօրինական ապաստան հայցողների թիվը չի աճում: Վրաստանի իշխանությունները անում են հնարավորը այդ հոսքը սահմանափակելու համար: Անձամբ ես առանձնապես մտահոգված չեմ այս խնդրով», - հայտարարում էր Ժան-Կլոդ Յունկերը:

Սալոմե Զուրաբիշվիլիի բրյուսելյան այցի մյուս կարևորագույն օրակարգային թեման Արևելյան գործընկերության շրջանակում հետագա համագործակցության խորացումն է: Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին նշում էր, որ վրացական իշխանությունները պատրաստվում են այս տարվա հուլիսին Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված հատուկ համաժողով հրավիրել Բաթումիում: Դրա հետ մեկտեղ, ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանի իշխանությունները հասկանում են` ներկա պայմաններում ԵՄ և Վրաստանի ինտեգրումը հազիվ թե Բրյուսելի առաջնահերթությունների թվում լինի:

«Եվրամիությունից անհապաղ պատասխաններ ակնկալելը սխալ կլիներ», - նշում էր Վրաստանի նախագահը: - «Մենք իրատեսորեն ենք տրամադրված և հասկանում ենք, որ ԵՄ-ն այժմ լուրջ խնդիրների է բախվում: Դա, սակայն, չի նշանակում, որ առաջիկայում մեր գործունեության արդյունավետությունը նվազելու է, իսկ համագործակցության տեմպերը` դանդաղելու»:

Բրյուսելյան բանակցությունների ընթացքում կողմերը չշրջանցեցին նաև ռուս - վրացական հարաբերությունների թեման: Վրաստանի նախագահի հետ հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Դոնալդ Տուսկը հատուկ ընդգծում էր` Բրյուսելի տեսակետն այս հարցում անփոփոխ է:

«Ավելի քան 10 տարի է անցել Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008-ի օգոստոսին ծագած պատերազմից: Ես վերահաստատում եմ Եվրամիության անփոփոխ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին», - հայտարարում էր Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG