Մատչելիության հղումներ

Սուրենավանի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրգործ. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը Ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ:

Դեպքի առթիվ նույն օրը Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի՝ թվով 4 հատ պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG