Մատչելիության հղումներ

Չեմ համարում, որ մենք ինչ-որ հանցավոր արարք ենք արել. Արարատի մարզպետ


Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա կարգադրությամբ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևատրված մարզպետարանի ևս 14 աշխատակիցներ որոշել են հունվարի աշխատավարձի որոշ մասը փոխանցել մարզի բազմազավակ մի ընտանիքի: «Ազատության» հետ զրույցում մարզպետն ասաց՝ հենց այսպես կփորձեն մեղմել հասարակության դժգոհությունը։

«Ընդունում ենք մեր սխալը, մեր աշխատակիցը ընդունել է իր կողմից կատարված սխալը և մենք պատրաստ ենք իմ կարգադրության արդյունքում պարգևատրված 15 աշխատակիցներով հունվար ամսվա մեր աշխատավարձներից որոշակի չափով, չեմ ասի 4,5 տոկոսի չափով, որովհետև դա քիչ գումար է, ընդհանուր իրար հետ կազմում է 103 հազար 421 դրամ։ Մենք որոշել ենք էդ 4,5 տոկոսից ավելի, մեր աշխատավարձից կանխիկացնել և կուղղենք երևի մեր մարզի բազմազավակ ընտանիքներից որևէ մեկին», - նշեց Արարատի մարզպետը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ անցած տարեվերջին երեք մարզպետներ, նրանց թվում նաև Արարատինը, ոչ միայն աշխատակիցներին էին պարգևատրել, այլև՝ իրենք իրենց։ Գարիկ Սարգսյանը կարգադրել էր դա անել աշխատավարձի 104,5 տոկոսի չափով:

Մարզպետի խոսքով՝ 104.5 տոկոսի չափով պարգևավճարներ են ստացել 6 ամսից ավելի աշխատող մարզպետարանի 100 աշխատակիցներ՝ 15-ը իր կարգադրությամբ, 85-ը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի 2 որոշումներով: Բայց իրավական խնդիր ծագել էր մարզպետի արձակած կարգադրության պատճառով։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Արարատի մարզպետն իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել, մյուսների գործողություններում անօրինականություն չտեսավ:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը դեռ մեկ տարի էլ չաշխատած պաշտոնյաների արարքն անընդունելի որակեց։

Օրենքի հետ խնդիր չտեսնելով՝ իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարծիք հայտնեց՝ «մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգևավճար տալու առումով»:

«Ազատության» հարցին՝ սպասո՞ւմ էր, որ նման բողոքի ալիք կբարձրանար, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. - «Ոչ ամենևին, որովհետև նախորդ տարիներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել՝ մեր նախկին մարզպետները ոնց են վարվել։ Միլիոնատեր, օլիգարխ մարզպետներ ենք ունեցել, ովքեր նույնիսկ երևի չեն էլ իմացել իրենց աշխատավարձի քարտը երեխաներից որ մեկի մոտ է կամ օգնականի մոտ է, կամ սիրուհիներից որ մեկի մոտ է։ Սա լավ օրինակ է, որով մենք նույնիսկ կարող ենք ցույց տալ, որ, այո, էդ աշխատավարձով ենք ապրում»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը առավելապես կարևորում է հարցի բարոյական կողմը․

«Ես որքան լսել եմ՝ մարդիկ վեց ամիս էլ չէին աշխատել, գոնե մինիմում վեց ամիս աշխատողների դեպքում եղել է կատարողականի գնահատում, թե ոչ։ Այսինքն օրենքի խնդիր էլ կա այստեղ, միայն Արարատի մարզպետինը չի։ Բայց բարոյական կողմը, երբ որ մարդիկ գնացին այդ քայլին, ապրիլ-մայիս ամիսներին ոգևորված ընտրեցին այս իշխանություններին ու հետո այսպիսի երևույթ՝ սա վարկաբեկող ազդեցություն կարող է ունեալ», - ասաց Հոկտանյանը։

Հոկտանյանը հայտարարեց․ - «Մեկ այլ կասկած կարող է սա ծնել, որ այդ նույն մարզպետարանի աշխատակիցները երևի համապատասխան աշխատանք էին տարել գյուղապետերի հետ ու դրա համար ստացել են պարգևատրում։ Այսինքն, այս իշխանությունների քննադատները սա շատ հանգիստ կարող են օգտագործել, սա արդեն կարող ենք անվանել կոռուպցիոն ռիսկ, երբ որ առաջ այդ տասովչիկներին, ձայն բերողներին էին վարձատրում»։

Արարատի մարզպետը կարծում է՝ իրեն և աշխատակիցներին պագևատրելու որոշումն ամբողջովին տեղավորվում է բարոյականության շրջանակներում․ - «Ես չեմ համարում, որ մենք ինչ-որ հանցավոր արարք ենք արել կամ կոռուպցիոն ինչ-որ սխեմա է էստեղ գործել կամ մենք ինչ-որ կաշառք ենք վերցրել, որի համար պետք է զղջանք, գլուխներս կախենք։ Ոչ, ուղղակի մեր մասով՝ Արարատի մարզպետարանի, իմ կարգադրության մասով ես կարող եմ ասել, որ, այո՝ թույլ է տրվել սխալ, պետք է արձակվեր առնվազն երկու կարգադրություն, ինչի արդյունքում մենք ամբողջովին անխոցելի կլինեինք, օրենքի տեսանկյունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG