Մեքսիկայի գլխավոր դատախազ Ալեխանդրո Գերց Մաներոն հարուցել է քրեական գործ վառելիքի վնասված խողովակաշարի պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար:
Մայրաքաղաք Մեխիկոյից 85 կիլոմետր հյուսիս գտնվող Հիդալգո նահանգի Տլահուելիլպան ավանում հունվարի 18-ին վնասվել է ապօրինի կառուցված վառելիք փոխադրող խողովակը, ինչը հանգեցրել է բենզինի արտահոսքի:
Հարյուրավոր բնակիչներ սկսել են դույլերով բենզին հավաքել: Տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 91 բնակիչ:
Այդ թիվը կարող է աճել: 52 մարդ գտնվում է հիվանդանոցում, և, ըստ Հիդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադի, «նրանց մեծ մասն օրհասական վիճակում է»։