Մատչելիության հղումներ

Ապօրինի անտառահատման դեպքեր Սյունիքի մարզում՝ ավելի քան 8.5 մլն դրամը գերազանցող վնասի պատճառմամբ. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բնակիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիս» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի և 1 կեռասենի արգելված ծառեր՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր՝ ընդհանուր 3 միլիոն 981 հազար դրամի վնաս:

Հատված ընկուզենիներն անտառամասից ձիով դուրս են բերվել Հալիձորի «Կալ» կոչվող տեղանք, ավտոմեքենայով տեղափոխվել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր՝ «ՍԷԿՆԱ ԳՐՈւՊ» ընկերության տարածք:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի ցուցումով հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ ավելի վաղ՝ հոնվարի 11-ին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4 միլիոն 639 հազար 500 դրամի վնաս:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, 2018-ի նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություններ, արձանագրվել է ծառերի ապօրինի հատումը, ինչպես նաև ճշտվել են տարածքի կոորդինատները։

Դեկտեմբերի 1-ին Ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով) հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն և քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG