Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում քննվել է լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացի Փոլ Վելանի խափանման միջոցի հարցը:
Քաղաքային դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի կասկածյալին գրավի դիմած ազատ արձակելու դիմումը մերժվել է:
Վելանի փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովն ասել է, թե դատարանը՝ վկայակոչելով «պետական գաղտնիքի» հանգամանքը, կարգադրել է դռնակ անցկացնել խափանման միջոցի հարցով լսումները:
«Փոլը ստացել է հիշողության կրիչ, որում, պարզվում է, եղել է պետական գաղտնիք համարվող տեղեկատվություն, իրականում նա պետք է ստանար տեղեկություն, որը կապ չունի պետական գաղտնիքի հետ, դա պետք է լիներ մշակութային բնույթի ինֆորմացիա, տաճար այցելելու և Փոլի արձակուրդի մասին»,- ասել է փաստաբան Ժերեբենկովը:
ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող, Միացյալ Նահանգների, Իռլանդիայի, Կանադայի և Բրիտանիայի քաղաքացի Վելանին ձերբակալել են անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Մոսկվայում:
Հաջորդ օրը Լեֆորտովոյի շրջանի դատարանը կայացրել է կասկածյալին առնվազն մինչև փետրվարի 28-ը նախնական կալանքի ենթարկելու որոշում: Վելանը գտնվում է Լեֆորտովոյի բանտում:
Ռուսաստանի իրավապահները, մանրամասներ չհաղորդելով, պնդում են, որ Վելանը ձերբակալվել է «հանցանքի տեղում՝ ակտիվ լրտեսություն կատարելիս»:
48-ամյա Փոլ Վելանն այդ մեղադրանքով Ռուսաստանում կարող է դատապարտվել 10-ից մինչև 20 տարվա ազատազրկման: