Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է որ կարողանան մինչև 2019 թվականի վերջը համաձայնության գալ Եվրոպա բնական գազ մատակարարելու վերաբերյալ:
«Եթե ամեն ինչ հարթ անցնի և եթե բոլոր մասնակիցները նույն նպատակին ձգտեն, վստահ եմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մինչև տարեվերջ», - երեկ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Սեֆկովիչը ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։
Բանակցություններին մասնակցում էին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, ուկրաինական «Նավթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավարները:
Սեֆկովիչն ասել է, որ կողմերի համար փոխզիջում է առաջարկել, որպեսզի շարունակեն աշխատել միչև հաջորդ եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա մայիսին։
Եվրամիության պաշտոնյան նաև հայտարարել է, որ որևէ խնդիր չի ակնկալվում այս ձմռանը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման հետ կապված: