Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշ կետեր իսկապես խնդրահարույց են, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ հարցին ժամանակավոր լուծումներ տրվել են, բայց կլինեն մասնակցային քննարկումներ, հաշվի կառնվեն բոլոր կողմերի առաջարկները և կգտնվեն լավագույն լուծումները։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցն է գալիս, հայտնի է, որ Ձեր նախարարությունն օրենսդրական փաթեթ էր մշակում, կա՞ այն դեռ օրակարգում, ի՞նչ փուլում է։
Բաթոյան. - Օրակարգում որպես այդպիսին նախագիծն աշխատանքային տարբերակով կա, բայց այն դեռևս չի քննարկվել։
«Ազատություն». - Ամենավիճահարույցն այս մասով պարտադիր բաղադրիչն է, Ձեր մոտեցումը ո՞րն է։
Բաթոյան. - Քննարկումներ դեռ չկան, և այս մասով դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսի մոտեցումներ կան, որովհետև, իսկապես, խնդրահարույց են որոշ կետեր և որոշ լուծումներ ժամանակավոր տրվել են դրանց, բայց, այնուամենայնիվ, քանի որ դա համակարգային լուծում է և շատ ավելի մեծ թվով մարդկանց է դա վերաբերում, այստեղ ևս լուծումները, քննարկումները պետք է մասնակցային լինեն, անպայման դրանք պետք է կազմակերպվեն և հաշվի առնեն բոլոր կողմերի առաջարկները, և լավագույն լուծումը պետք է գտնենք։
«Ազատություն». - Այնուամենայնիվ, եթե մարդը չի ուզում, որ էդ ճանապարհով իր կենսաթոշակը կուտակվի, պիտի տրվի՞ նրան հնարավորություն, տիկին Բաթոյան, հիմա տրված չէ այդ հնարավորությունը։
Բաթոյան. - Նորից եմ ասում՝ քննարկման ենթակա է, պետք է հասկանանք, թե ինչ երաշխիքներ կան, և եթե դա դառնա կամավոր, ապա հետագայում նաև ինչ երաշխիքներից մարդը կարող է զրկվել։ Այսինքն՝ մենք պետք է վստահ լինենք, որ մեր բերած փոփոխությունը, ցանկացած քայլ չի վնասելու հետագայում մարդու արժանապատիվ ծերության հնարավորությունը։ Այսինքն՝ մենք պետք է կշեռքի նժարներին դնենք այսօրվա հնարավորությունները և ապագայում մարդու այդ ապահով ծերությունն ունենալու իրավունքը։
«Ազատություն». - Նպաստների հարցում ռեֆորմներ սպասվո՞ւմ են, ընդհանրապես նպաստը համարո՞ւմ եք արդյունավետ գործիք, հիշում եք վարչապետի ակնարկը, որ դրա հետևանքով մարդիկ հաճախ սովորում են ուղղակի չաշխատել։
Բաթոյան. - Ռեֆորմներ անհրաժեշտ են, և քանի որ հարցը շատ զգայուն է, լուրջ ուսումնասիրություններ և լուրջ քննարկումներ են անհրաժեշտ, որպեսզի մեր ծառայությունը և աջակցությունը մարդուն լինի հասցեական։ Դրա համար տարբեր քայլեր պետք է ձեռնարկենք՝ գնահատելու նրա իրավիճակը, նրա ծախսերը, եկամուտները և գնահատելու, թե ինչպիսի աջակցության կարիք ունի։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մարդուն օգնել աշխատել, կարողանանք օգնել ինքնուրույն վարել իր արժանապատիվ կյանքը, և որևէ կերպ մեր աջակցությամբ չպետք է վնասենք նրա ինքնուրույնությունը։
«Ազատություն». - Դուք պարգևավճար ստացե՞լ եք, երբ փոխնախարար էիք, և ընդհանրապես այդ ինստիտուտն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես, երբ գերատեսչության ղեկավարն ինքն իրեն է տալիս այդ պարգևավճարը։
Բաթոյան. – Այո, պարգևավճար ստացել եմ և գիտեմ, որ այդպիսի մշակույթ կա, այդպիսի իրավունք կա, և տարբեր ստորաբաժանումներ ևս ստացել են պարգևավճար, բայց որքան գիտեմ՝ ղեկավարն ինքն իրեն չի պարգևատրել, էդ ցանկ չի մտնում։
«Ազատություն». - Ինչո՞վ է կարևորվում այդ ինստիտուտը, այսինքն՝ ցածր են ստանում, որ խրախուսե՞ն, կարելի է պարզապես աշխատավարձը բարձրացնել։
Բաթոյան. - Քանի որ ինքս այդ որոշումների կայացմանը չեմ մասնակցել, ես գիտեմ, որ տարբեր ստորաբաժանումներից նամակներ, դիմումներ են եղել, և քանի որ մենք ունեցել ենք նաև չօգտագործված հաստիքներ, ունեցել ենք խնայողություններ, մարդիկ պարզապես դիմումներ-նամակներ են գրել և խնդրել են դա օգտագործել որպես իրենց համար 13-րդ աշխատավարձ, և դա իրականացվել է:
«Ազատություն». - Եղե՞լ են մարդիկ, որ Ձեզ մերժել են գալ և նախարարությունում աշխատել, որովհետև փողը քիչ է։
Բաթոյան. - Չէ, փողի հետ կապված որևէ խնդիր չի եղել։
«Ազատություն». - Տիկին Բաթոյան, Դուք և Արտակ Զեյնալյանը նախարար եք դարձել, բայց թույլ տվեք ասել, որ դա ամենևին էլ չի նշանակում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ինտեգրված են հասարակությանը, որովհետև ես այստեղ ավելի շատ տեսնում եմ ձեր կամային հատկությունների արդյունք, ճի՞շտ եմ։
Բաթոյան. - Այո, իհարկե։
«Ազատություն». - Ձեր աշխատասենյակում, շենքում հարմարեցվա՞ծ են պայմանները, Ձեր ծառայողական մեքենան։
Բաթոյան. - Ծառայողական մեքենա չունեմ հարմարեցված, որովհետև այդպիսի ծառայողական մեքենա չկա Հայաստանում։ Նախարարությունը մրցութային կարգով վարձակալում է հարմարեցված մեքենա, և իմ աշխատանքի ընթացքում այդ մեքենայից եմ օգտվում, որը հատուկ վերելակ ունի։ Շենքը հարմարեցված է, մինչև իմ գալն է հարմարեցվել, էլի հասարակական կազմակերպությունների նաև ակտիվ աջակցությամբ, և արդեն նախարարի սենյակում սանհանգույցի հետ կապված խնդիրներ են առաջացել, հիմա այդ խնդիրները պետք է լուծենք։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․