Մատչելիության հղումներ

10 տարին նախկին ԽՍՀՄ երկրներում․ ամենաակնհայտ փոփոխությունն արձանագրվել է Հայաստանում


Հայաստան, Երևան, հոկտեմբեր, 2009թ․ - Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը դատարանում
Հայաստան, Երևան, հոկտեմբեր, 2009թ․ - Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը դատարանում

Այս օրերին, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայն թափ է հավաքում 10 տարվա փոփոխություններին նվիրված արշավը՝ 10 years challenge-ը, «Ազատության» Current Time հեռուստածրագիրն ամփոփել է՝ ինչ է փոխվել նախկին Խորհրդային Միության երկրներում, ովքեր են այսօրվա ղեկավարները և ինչով էին նրանք զբաղված մեկ տասնամյակ առաջ:

Ամենաակնհայտ փոփոխությունն արձանագրվել է Հայաստանում․ տասը տարի առաջ ընդդիմադիր, «Մարտի 1»-ից հետո ազատազրկված Նիկոլ Փաշինյանը հիմա պետության առաջնորդն է՝ անցած տարի նախաձեռնած բազմամարդ ցույցերից ու շուրջ տասը տարի իշխող Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուց հետո: 2009-ին, մինչդեռ, դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ադրբեջանի իշխանական վերնախավում արդեն 13 տարի է՝ ոչինչ չի փոխվում: 2003 թվականից ի վեր երկրի նախագահը Իլհամ Ալիևն է, ով իշխանության ղեկը ստանձնեց հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակելուց անմիջապես հետո: Անցած տարի նախագահական ընտրություններում Ալիևը հերթական հաղթանակն արձանագրեց՝ ստանալով ձայների 80 տոկոսից ավելին: Ընդ որում, տարիներ առաջ երկրի Սահմանադրությունը նրա նախաձեռնությամբ փոփոխվել էր, նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5-ից դարձել 7 տարի, ինչը ենթադրում է, որ Ալիևը կարող է նախագահականում մնալ առնվազն մինչև 2025 թվականը:

Բելառուսում արդեն ոչ թե 10, այլ 25 տարի է՝ ամեն ինչ կայուն է ու կանխատեսելի, գոնե՝ նախագահության հարցում: Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի առաջնորդն է 1994 թվականից՝ նախագահի պաշտոնը հիմնելու առաջին օրից: Երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո Լուկաշենկոն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց՝ հնարավորություն տալով ինքն իրեն առաջադրվել ու իշխանավարել՝ որքան կամենա: Այդուհետ՝ մինչ օրս, նա բոլոր ընտրություններում ստանում է ձայների առնվազն 79 տոկոսը, մինչ արևմտյան կառույցները հայտարարում են կեղծիքների ու ընդդիմության դեմ լայնածավալ ճնշումների մասին:

Ղազախստանում առաջնորդի լուսանկարը թարմացնում են մեկ պատճառով՝ մազերն են սպիտակել: Նուրսուլթան Նազարբաևը նախկին Խորհրդային Միության տարածքի ամենաերկարակյաց առաջնորդն է՝ իշխում է արդեն շուրջ 29 տարի: 2010-ից Սահմանադրությամբ 78-ամյա Նազարբաևի համար հատուկ կարգավիճակ են ամրագրել՝ Ղազախստանի առաջին նախագահ՝ Ազգի առաջնորդ:

Գերտերության՝ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը տասը տարի առաջ վարչապետի աթոռին էր, կարճատև այցով: Երկու ժամկետ նախագահելուց հետո՝ 2008-ին նա ժամանակավորապես տեղափոխվեց կառավարություն՝ պաշտոնը զիջելով Դմիտրի Մեդվեդևին, հետո շախմատային փոխատեղմամբ ամեն ինչ վերադարձավ ի շրջանյս յուր: Անցած տարի Վլադիմիր Վլադիմիրովիչը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ նախագահ: Հերթական հաղթանակից ընդամենը մի քանի ամիս անց Չեչնիայի խորհրդարանը Պետդումա ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ միևնույն անձը կարող է երեք անգամ անընդմեջ դառնալ Ռուսաստանի նախագահ: Գործող ժամկետի ավարտին՝ 2024-ին, Պուտինը կլինի 72 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG