Մատչելիության հղումներ

Եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան


Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հանդիպել է մի խումբ գործարարների հետ, 21 հունվարի 2019
Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հանդիպել է մի խումբ գործարարների հետ, 21 հունվարի 2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Հանդիպման սկզբին իր ելույթի ընթացքում Փաշինյանը հայտարարել է․ - «Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին։

Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ»:

Գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը: Մասնավորպես, գործարարներից մեկը հետաքրքվել է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ազատել մինչև 24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսներին բոլոր տեսակի հարկերից, չի կարող չարաշահումների պատճառ դառնալ:

«Ամառը եղան դեպքեր, երբ որ խոշոր ձեռնարկությունները ԱՁ-ներ բազմացրեցին և հարկերից խուսափեցին։ Այսինքն եթե օրիանական դաշտում աշխատող ընկերություն եմ և ունեմ, կոպիտ ասած, 100 միլիոն շրջանառություն, իսկ իմ մրցակիցը բացում է չորս փոքրիկ ու նույն բանը անում է առանց հարկեր տալու, անհավասար պայմաններ են ստեղծվում ու ուղղակի հարց է առաջանում՝ ոնց եք էս հարցը լուծելու։ Մյուս խնդիրը դրա հետ կապված խթանների հետ է կապված։ Այսինքն մի ձեռնարկություն, որը հասել է 24 միլիոնի և պետք մի քիչ աճի դառնա 25-26, ի՞նչ ենք անելու, հենց 25 հասավ բոլոր հարկերը մուծելո՞ւ է, թե 24,5, իսկ մինչև 24 ոչ մի հարկ չի մուծելու, թե ինչ-որ անցումային մեխանիզմ պետք է ստեղծվի», - հարց բարձրացրեց գործարարը։

«Աղքատության հաղթահարման առաջնային գործիքը պետք է լինի աշխատանքը։ Պետությունը պետք է աշխատելու ռեալ հնարավորություններ ստեղծի և այ էս 24 միլիոնը էդ աշխատելու հնարավորություններ ստեղծելու համար է։ Մյուս կողմից ես արդեն հայտարարել եմ, որ այն բանից հետո և այսօր էլ էս կարգավորմանը զուգահեռ, կներեք էդ կոպիտ բառի համար, բայց երկրում պետք է հաստատենք ՀԴՄ-ական դիկտատուրա էն առումով, որ չպետք է լինի որևէ տեղ, որևէ խանութ, որևէ օբյեկտ, այսինքն չհաշվառի իր առևտուրը։ Սա լինելու է շատ կոշտ և շատ ուժեղ հակազդեցություն։ Էդ կատեգորիայի մարդկանց մենք տվել ենք էդ հնարավորությունը, որ նրանց պետությունը որևէ կերպ չհարկի։ Մյուս կողմից, իհարկե, մենք էդ փորձը ունենք, բայց տեսեք, երբ որ շատ խոշոր ընկերությունները կիսվել են մի քանի մասերի այդ հարցը առաջացել էր ոչ օրենսդրության պատճառով և լուծվեց ոչ օրենսդրության բերումով։ Դա արվում է քաղաքական համապատասխան իրավիճակում և լուծվեց քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, երբ որ մենք ասեցինք էդպես, ուղղակի թույլ չենք տալիս որևէ մեկին աշխատել», - ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նաև հանդիպել է գործարար, բարերար Վարդան Սերմաքեշի հետ, քննարկել են Հին Երևան ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պհապանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ հունվարի 22- 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը Փաշինյանը հանդես կգա որպես բանախոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG