Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի երեկոյան Համայնքների պալատի նիստի ընթացքում հայտարարել է, որ «Բրեքզիթի» ընթացքում պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է հետևել Հյուսիսային Իռլանդիայի խնդրի կարգավորմանը հանգեցրած 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրի դրույթներին` «թույլ չտալով կղզու երկու հատվածների միջև սահմանային հսկողության վերականգնումը»:
«Բրեքզիթի» վերաբերյալ՝ Համայնքների պալատի կողմից մերժված համաձայնագրով նախատեսվում էր պահպանել այն իրավիճակը, որ առկա է Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին 1998 թվականի Բելֆաստի պայմանագրի դրույթների համաձայն: Դրանք հնարավորություն են տալիս կղզու բոլոր բնակիչներին` թե՛ Մեծ Բրիտանիայի, և թե՛ Իռլանդիայի քաղաքացիներին ազատորեն տեղաշարժվել կղզու տարածքում: ԵՄ հետ համաձայնագիրը նաև նախատեսում էր, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է ԵՄ միասնական մաքսային գոտում մնա մինչև 2020 թվականի ամառ: