Մատչելիության հղումներ

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր»․ Լուկաշենկո


«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր, որի հետ մեզ միավորում է բազմաբևեռ համագործակցությունը, այդ թվում՝ առանցքային դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում», - հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանի՝ Արմեն Ղևոնդյանի հավատարմագրերը:

«Մենք մտադիր ենք զարգացնել հայ- բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները, և պատրաստ ենք մասնակցել ցանկացած ծրագրի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որ կհետաքրքրի մեր հայ ընկերներին ու եղբայրներին», - ասել է Բելառուսի նախագահը:

Ղևոնդյանից բացի Լուկաշենկոն այսօր ընդունել է ևս մոտ մեկ տասնյակ նորանշանակ դեսպանների, հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարելով՝ Մինսկը պատրաստ է խորացնել կապերը աշխարհի հետ՝ «արևմուտքից մինչև արևելք, հյուսիսից մինչև հարավ», պայմանով, որ այդ համագործակցությունը հիմնված լինի հարգանքի, անկեղծության ու ազնվության վրա:

«Հաշվի առնելով Բելառուսի աշխարհաքաղաքական դիրքը՝ Մինսկը առավել քան որևէ մեկը շահագրգռված է խաղաղությամբ, կայունությամբ, ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ համագործակցությամբ: Միայն իրավահավասար երկխոսությամբ է հնարավոր վերացնել կարծրատիպերը և դրանց հիմքի վրա կառուցված՝ չհասկացվածության պատերը», - հայտարարել է Լուկաշենկոն:

Արևմուտքին ուղղված այս հայտարարությունը հնչել է Կրեմլի՝ շաբաթներ շարունակվող տնտեսական ճնշումներից հետո: Անցած տարեվերջից Մոսկվան բարձրացրել է Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրել, որոնց արդյունքում Մինսկը միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Առավել բարենպաստ պայմաններ սահմանելու, վնասը փոխհատուցելու դիմաց ռուսական կողմը պահանջում է խորացնել ինտեգրացիան, անցնել միասնական արժույթի, մաքսային ու հարկային քաղաքականության: Բելառուսում այս պահանջը դիտարկում են որպես ոտնձգություն երկրի անկախության ու ինքնիշխանության դեմ:

«Այս ճանապարհով գնալու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել արևմտյան ուղղությամբ իր միակ դաշնակցին», - դեռ անցած շաբաթ զգուշացրել էր Բելառուսի առաջնորդը:

Այսօր նա Կանադայի, Չեխիայի, Ավստրիայի, Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանների ներկայությամբ հայտարարել է՝ Բելառուսում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, հատկապես՝ տնտեսությունն ազատականացնելու և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:

«Խորապես վստահ եմ, որ Մինսկը կարող է դառնալ նոր լայնամասշտաբ երկխոսության վայր՝ Եվրատլանտյան և Եվրասիական պետությունների անվտանգության հարցերով: Մենք այսուհետ ևս նախաձեռնելու ենք համագործակցության խաղաղասիրական ու միավորող ծրագրեր, և, իհարկե, կաջակցենք ձեր կողմից ցանկացած բարի մտադրություն», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Անցած շաբաթավերջին էլ նա հանդիպման էր հրավիրել Բելառուսի՝ տարբեր տարիների դեսպաններին ու կրկին անդրադարձել Ռուսաստանի առաջադրած պայմաններին ու պահանջներին:

«Ինձ ասում են` արի անցնենք միասնական արժույթի։ Մենք դեմ չենք, սակայն դա պետք է լինի հենց միասնական արժույթ, ոչ թե Ռուսաստանի կենտրոնական բանկինը։ Ամեն ինչ պետք է լինի հավասարության հիմքով: Ուզում եք նույնականացնե՞լ հարկային ու մաքսային քաղաքականությունը: Համաձայն եմ, պայմանով, որ վերցնենք այն լավագույնը, որ կա բելառուսների և ռուսների մոտ, ոչ թե ասեք` մենք հզոր ենք, դուք` փոքր, մեր օրինակին պետք է հետևեք», - հայտարարել էր ԲԳելառուսի նախագահը:

Ավելին Լուկաշենկոն պնդել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը նրան հիշեցրել է, որ Բելառուսի համար թանակցրած գազը ռուսները ստանում են հանքավայրերից, որ ժամանակին նույն Բելառուսի բնակիչներն են հորել:

«Ես Ռուսաստանի նախագահին ասել եմ՝ մի մոռացիր, որ ժամանակին՝ խորհրդային տարիներին, երբ ես և դու դեռ վազ էինք տալիս սեղանի տակ, այստեղից՝ Բելառուսից չարթերային չվերթներով մարդիկ էին գնում Ռուսաստան , որպեսզի հերթափոխով նավթի ու գազի հանք հորատեին, որոնք մինչև հիմա աշխատում են», - ասել էր Լուկաշենկոն:

Ավելին, պաշտոնական «Բելտա» գործակալության հաղորդմամբ, Բելառուսի նախագահը անցած շաբաթ, հեռակա դիմելով Կրեմլին, հրապարակավ հայտարարել է․ «Ինչ է՝ Ռուսաստանում ոմանց Ուկրաինան բավարար չէ՞, պետք է անպայման նո՞ր խնդիր ստեղծել՝ չեղած տեղում»:

Մոսկվան առայժմ այս հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել, սահմանված նոր տնտեսական պայմանները չի վերանայել, ինչն էլ, ըստ փորձագետների, ստիպում է Լուկաշենկոյին դաշնակիցներ փնտրել արևմուտքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG