Վրաստանի իշխանությունները ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ են մշակում, Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի` եվրատլանտյան կառույցներին ինտեգրման դինամիկան վերջին շրջանում նոր թափ է ստացել։ Այս մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարեց Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մեր հանդիպման ընթացքում մենք հատուկ անդրադարձ կատարեցինք այն առաջընթացին, որ արձանագրել է Վրաստանը ՆԱՏՕ-ի կառույցներին ինտեգրման ճանապարհին: Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին ևս աննախադեպ դինամիկա է առկա: Դրա խորացմանը կնպաստի նաև Վրաստանի` ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզը, որ մոտ ապագայում կներկայացվի մեր եվրոպացի գործընկերներին», - հայտարարում էր Բախտաձեն: