Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարները քննարկում են «Բրեքզիթ»-ի շուրջ ստեղծված կացությունը


Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են Մեծ Բրիտանիայի ԵՄ լքելու` «Բրեքզիթ»-ի շուրջ ստեղծված կացությունը:

Անցած շաբաթ Համայնքների պալատում կայացած քվեարկության ընթացքում բրիտանացի խորհրդարանականները քվեների ճնշող մեծամասնությամբ մերժեցին ԵՄ հետ ձեռք բերված համաձայնագիրն` այսպես կոչված «Կոշտ Բրեքզիթ»-ը գրեթե անխուսափելի դարձնելով:

«Կարևոր է, որպեսզի համաձայնագրի բացակայության պայմաններում Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը չփակվի: Եվրոպան իր բնույթով խաղաղությանը միտված տեսլական է, և մենք չենք կարող հանդուրժել, որ նախկինում արդեն իսկ հանգուցալուծված հակամարտությունը կրկին գլուխ բարձրացնի», - բրյուսելյան այսօրվա հավաքից առաջ հայտարարում էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

«Բրեքզիթ»-ի վերաբերյալ` Համայնքների պալատի կողմից մերժված համաձայնագրով նախատեսվում էր պահպանել այն իրավիճակը, որ առկա է Իռլանդիայի հանրապետության և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին 1998 թվականի Բելֆաստի պայմանագրի դրույթների համաձայն: Դրանք հնարավորություն են տալիս կղզու բոլոր բնակիչներին` թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Իռլանդիայի քաղաքացիներին ազատորեն տեղաշարժվել կղզու տարածքում:

Հյուսիսային Իռլանդիան մինչև 2020 թվական պետք է շարունակեր մաս կազմել ԵՄ միասնական մաքսային գոտուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG