Մատչելիության հղումներ

Նյութեր են նախապատրաստվում Գյումրիում բնակարանների բաշխման հնարավոր չարաշահումների մասին


1988-ի երկրաշարժից վնասված շինություն Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում, արխիվ

Դատախազությունում նյութեր են նախապատրաստվում 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին դիմումի հիման վրա, «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դիմումը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը, ով պնդում է, որ ընդգրկվելով տնակների հաշվառման գործընթացում՝ իր ձեռքի տակ է հայտնվել տվյալների բազա, որի ուսումնասիրությամբ պարզել է, որ երկրաշարժին փլված մեկ բնակարանի դիմաց 6-ն է հատկացվել, կամ նույն անձը 3 բնակարան է ստացել:

«Նույն փլված հասցեի դիմաց վեց հատ տուն է տվել պետությունը ու լրիվ տարբեր մարդկանց է տվել, իրար հետ կապ չունեցող։ Ազգանունները, անունները, հայրանունները ոչ մի կապ չունեն իրար հետ։ Ինչո՞ւ են տրամադրել, եթե էդ մարդը բնակարան չի կորցրել, ոչ մի առնչություն չունի այդ փլված հասցեի հետ, ինչո՞ւ է ինքը պետությունից տուն ստացել», - նշեց Մհեր Խաչատրյանը։

Խաչատրյանն ասում է՝ ինքը հրապարակում է միայն այն փաստերը, որտեղ ակնհայտ երևում է, որ բնակարանների բաշխման գործընթացում տեղի է ունեցել չարաշահում: Նրա ձեռքի տակ հայտնվել է բազայի 70 տոկոսը, վստահ է, որ մնացած 30 տոկոսի ուսումնասիրությամբ ևս չարաշահումներ կբացահայտվեն: Բնակարնների բաշխումը տարբեր ժամանակահատվածներում տարբեր կառույցներ են իրականացրել, սկզբում քաղաքապետարանը, հետո մարզպետարանը վերջին տարիներին էլ, նախքան լուծարվելը, քաղաքաշինության նախարությունը:

Երկրաշարժին, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում շուրջ 20 հազար 600 բնակարան է փլուզվել, կառուցվել է 21 հազարը: Եթե բնակարան է հատկացվել տունը չկորցրած ընտանիքի, դա խոսում է մի քանի հանցագործությունների մասին, կարծում է փաստաբան Հայկ Հարությունյանը:

«Գնում է պաշտոնական դիրքի չարաշահում, գնում է փաստաթղթի կեղծիք, գնում է նույնիսկ պետության գույքի յուրացման խնդիր ապօրինի ճանապարհով, կոռուպցիոն ռիսկեր կարող է հայտնաբերվի այդ ընթացքում։ Բնականաբար, հասկանում ենք, որ այդ ամենը, եթե արվել է, եթե հիմնավորվում է, որ կա էդտեղ հանցագործության հատկանիշներ, դա չէր կարող.... եթե այսինք պաշտոնատար անձինք, որոնք ստորագրել են այդ փաստաթղթերի տակ, բնականաբար, նաև այդտեղ կլինեն կոռուպցիոն ռիսկեր», - ընդգծեց Հայկ Հարությունյանը։

Քանի որ հիմնական բացահայտումները վերաբերում են 90-ական թվականներին, այստեղ վաղեմության ժամկետի խնդրի է առաջ գալիս: Իրավական տեսանկյունից ինչպես է այն լուծվելու: Առավել ևս չի բացառվում, որ տվյալ անշարժ գույքը մի քանի անգամ հնարավոր է վաճառված լինի կամ տվյալ անձը մահացած լինի:

«Վաղեմության ժամկետը, իհարկե, քրեական հանցագործությունների դեպքում, օրինակ, փաստաթղթի կեղծիքի դեպքում հինգ տարի է հնարավոր կիրառվի, և այն անձինք, որոնք կատարել են այդ փաստաթղթի կեղծիքը հնարավոր է վաղեմության հիմքով պատասխանատվության չենթարկվեն։ Բայց այստեղ երկու տեսանկյուն կա, եթե հաստատում եք Քրեական օրենսգրքով, որ հանցագործությունը տեղի ունեցել է, սակայն անձը պատասխանատվության ուղղակի չի ենթարկվում վաղեմության ժամկետները անցնելու հիմքում, դա մեր պետությանը հետագայում իրավունք է տալիս, որպեսզի այն անշարժ գույքերը, որոնք անօրինական ճանապարհով անցել են որոշակի անձանց, իրենք արդեն իսկ քաղաքացիական հայցով մտնեն դատարան և պահանջեն, որպեսզի անվավեր ճանաչվի էդ սեփականության իրավունքները», - ասաց փաստաբանը։

Մհեր Խաչատրայանը, զբաղվելով տնակաների հաշավռմամբ հստակ գիտի՝ որ տնակում ընտանիքը ինչ կարգավիճակով է ապրում: Բնակարան կորցրած ու չփոխհատուցված ընտանիքների թիվն, ըստ վերջինիս հազարն անց է: Հավելում, որ հենց այս ընտանիքների փոխարեն են, որ բնակարանատեր են դարձել երկրաշարժին բնակարան չկորցրածները:

«Եթե 20 հազար 600 փլվել է, 21 հազարը տրվել է, բայց դեռ հազար, հազար 300-ը չի տրվել, ո՞ւմ են տվել այդ բնակարանները, էդ հարցը առաջանալով սկսել եմ ուսումնասիրել, հասկանալ ու հիմա նոր հասկանում եմ, արդեն էս թվերը տեսնելով, էս փաստերը տեսնելով, որ կոնկրետ սա պետության կողմից հատուկ քայլեր է եղել։ Կամ էդ քայլերը կլինի վերահսկողության բացացկայության տեսքով, թե էդ քայլերը կլինի կոռուպցիայի միջոցով, էդ քայլերը կլինի էսպես ասած դրամաշորթության միջոցով, թե ծանոթ-բարեկամին լավություն անելու միջոցով, էդ ամեն ինչը թող պարզեն իրավապահ մարմինները», - ընդգծեց նա։

Մհեր Խաչատրյանը նաև տնակների քանդման և դրանց վերաբերյալ հատուկ հանձնաժողովի եզրակացություններն է ուսումնասիրել ու պարզվել է՝ տնակը փաստացի կա, բայց դրա վերաբերյալ քանդման ակտ է տրամադրվել:

«Տնակը փաստացի միչև հիմա գոյություն ունի, բայց փաստաթղթով էդ տնակը քանդված է։ Փաստաթղթերի մեջ հստակ երևում է էդ քանդման ակտերի տակ ովքեր են ստորագրել, ով է եղել հանձնաժողովի անդամ։ Ինչո՞ւ են ստորագրել, վերջիվերջո, եթե ստորագրում ես, դու պատասխանատվություն ես կրում։ Թե՛ լավ բանի համար, թե՛ վատ բանի համար պետք է պատասխան տաս», - նշեց Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե քանի՞ նման տնակ կա, պատասխանեց. «Պաշտոնական, որ փաստեր ունեմ, տասնյակ հասցեներ կան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG