Այսօր լուսադեմին Իսրայելի զինված ուժերն օդային նոր հարվածներ են հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին հարող տարածքին:
Իսրայելի պաշտպանության նախարարության պնդմամբ, հարձակման թիրախ են դարձել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործողհատուկ նշանակության ջոկատի` Դամասկոսի մերձակայքում գտնվող զորանոցները, զինապահեստը, իրանական հետախուզական կենտրոնը և մարզումների համար նախատեսված հատուկ ճամբարը:
Ռուսական կողմը ևս հաստատում է օդային հարձակման փաստը` պնդելով, որ դրա հետևանքով զոհվել են Սիրիայի կառավարական բանակի չորս զինծառայողներ:
Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 11-ի։
Հարձակումից հաշված ժամեր առաջ դրա անխուսափելիության մասին աֆրիկյան Չադ պետություն կատարած այցի ընթացքում զգուշացրել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Իրանի` Սիրիայի տարածքում ամրապնդման քաղաքականությանը հակազդելը և մեզ վնասել ցանկացողներին հարվածելն, ահա մեր մշտական քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը փոփոխության ենթակա չէ: Էական չէ ես Իսրայելում կգտնվեմ այդ պահին,թե պատմական այցով կժամանեմ Չադ, դա է մեր մշտական քաղաքականությունը», - հայտարարում էր Իսրայելի վարչապետը: