Գերմանիայի խորհրդարանը նկատողություն է տվել իշխող կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին՝ սահմանված ժամկետում իր հավելյալ եկամուտների մասին տեղեկատվություն չներկայացնելու համար: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը Ադրբեջանի իշխանությունների կողմից ստացված գումարների մասին է:
Նկատողությունից բացի պատգամավորին սպառնում է նաև 10-ից 99 հազար եվրոյի տուգանք, գրում է Der Tagesspiegel պարբերականը: Զուգահեռ, Բունդեսթագում կոչեր են հնչում նրան ընդհանրապես պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:
Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետները հետաքննություն էին անցկացրել և մի շարք փաստեր բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած թանկարժեք նվերների մասին: Անցած ապրիլին Եվրախորհրդի փորձագետների հրապարակած ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Ադրբեջանի պատվիրակները բազմիցս կաշառել են եվրոպացի տասնյակ պատգամավորների, այդ թվում Շտրենցին՝ Ալիևի վարչակազմին քննադատող բանաձևերը արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար: