Մատչելիության հղումներ

Դեմոկրատները մերժել են Թրամփի փոխզիջումները


Միացյալ Նահանգների նախագահը փոխզիջումային տարբերակ է առաջարկել դեմոկրատներին՝ կառավարության մասնակի սառեցումը հաղթահարելու համար, որը շարունակվում է արդեն ավելի քան չորս շաբաթ և ամենաերկարն է Ամերիկայի պատմության մեջ:

Երեկ Սպիտակ տնից ժողովրդին հասցեագրված ուղերձում Դոնալդ Թրամփը պնդել է` պատրաստ է մեղմել դիրքորոշումը ապօրինի ներգաղթյալների որոշակի խմբի, մասնավորապես՝ մանուկ հասակում Ամերիկա եկած ութ հարյուր հազար մարդկանց հարցում: Գործող օրեսդրությամբ վերջիններս չեն կարող քաղաքացիություն ստանալ, սակայն կարող են Նահանգներում օրինական աշխատել: Թրամփը, որ սպառնում էր զրկել նրանց այդ իրավունքից, երեկ հայտարարել է, թե պատրաստ է ևս երեք տարով երկարաձգել օրենքի ժամկետը:

Հաջորդ փոխզիջումը վերաբերում էր Նահանգներում ապաստան ստացած շուրջ երեք հարյուր հազար փախստականներին, որոնք հայրենիք վերադառնալու դեպքում կարող են ենթարկվել ճնշումների կամ բռնության: Թրամփը խոստացավ նրանց ևս երեք տարով իրավական պաշտպանության տակ առնել: Ամենավիճահարույց` Մեսքիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում, սակայն, նախագահն անզիջում էր, և կրկին պահանջեց այդ նպատակով բյուջեից 5,7 միլիարդ դոլար հատկացնել:

Դեմոկրատներն անընդունելի են համարել Թրամփի առաջարկները, ինչը նշանակում է, որ կառավարության մասնակի սառեցումը կշարունակվի: Ֆինանսական այս տարաձայնությունների պատճառով 800 հազար ամերիկացիներ դեկտեմբերի 22֊ից աշխատավարձ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG