Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պայմաններ է առաջադրում Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիայի համար


Բելառուսի նախագահը Կրեմլի` շաբաթներ շարունակված տնտեսական ճնշումներից հետո հայտարարել է`որոնք են այն պայմանները, որոնց դիմաց Մինսկը կհամաձայնի Ռուսաստանի հետ միասնական արժույթ ստեղծել, հարկային ու մաքսային քաղաքականոթյունները միավորել։

«Ամեն ինչ պետք է որոշվի ժողովրդի կամքով և իրավահավասարության սկզբունքով»,- պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի տարբեր տարիների արտգործնախարարների հետ հատուկ հանդիպման ժամանակ: ֊ «Դաշի՞նք եք ուզում`խնդրեմ, միությո՞ւն`խնդրեմ, սակայն դա պետք է մարդիկ որոշեն, ոչ թե մենք: Ինձ ասում են` արի անցնենք միասնական արժույթի։ Մենք դրան դեմ չենք, սակայն դա պետք է լինի հենց միասնական արժույթ, ոչ թե Ռուսաստանի կենտրոնական բանկինը։ Ամեն ինչ պետք է լինի հավասար հիմունքներով: Ուզում եք նույնականացնե՞լ հարկային ու մաքսային քաղաքականությունը: Համաձայն եմ, պայմանով, որ վերցնենք այն լավագույնը, որ կա բելառուսների և ռուսների մոտ, ոչ թե ասեք` մենք հզոր ենք, դուք` փոքր, մեր օրինակին պետք է հետևեք»։

Երկու երկրների միավորման շուրջ խոսակցություններն ակտիվացան անցած տարեվերջին, երբ Կրեմլը բարձրացրեց Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Առավել բարենպաստ պայմաններ սահմանելու, վնասը փոխհատուցելու դիմաց Մոսկվան պահանջում է խորացնել ինտեգրացիան, անցնել միասնական արժույթի, մաքսային ու հարկային քաղաքականության:

«Մենք այս ամենին պետք է հանգիստ արձագանքենք ու նպատակաուղղված, պետք է պաշտպանենք մեր անկախությունն ու պետականությունը», ֊ նախօրեին հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ`անցած շաբաթ, անդրադառնալով այս թեմային, Լուկաշենկոն սպառնացել էր, թե այս ճանապարհով գնալու դեպքում Ռուսաստանը կկորցնի արևմտյան ուղղությամբ իր միակ դաշնակցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG