«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տվյալ ժամանակ անազատության մեջ մնալը ուղղակիորեն բխում է նախաքննության շահերից: Այսպիսի համոզմունք հայտնեց փաստաբան Վահե Գիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարին:
«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը, եթե տեսնում եք էլի:
Վահե Գրիգորյան․ - Նախաքննության այս սկզբնական շրջանում՝ ես սա կոչում եմ նախաքննության սկզբնական շրջան, որովհետև, ըստ էության, «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը մի քանի ամիս է, ինչ իրականացվում է: Մինչև էդ, պարզվում է, տարբեր հնարներով՝ ընդհուպ մինչև կեղծիքների դիմելով, նախաքննություն ոչ թե իրականացվել է, այլ ամեն ինչ կատարվել է իրականում նախաքննությունը իր՝ Քրեական օրենսգրքով նախատեսված նպատակներից շեղելու համար, այսինքն՝ չբացահայտելու համար իրողությունը, պատասխանատվության չենթարկելու մեղավորներին:
«Ազատություն»․ - Այնպես չէ, որ տասը տարի այդ գործը քննվում էր:
Գրիգորյան․ - Ոչ, ֆորմալ իմաստով՝ մոտ տասնմեկ տարի, տասուկես տարի այդ գործի քննությունը իրականացվում է, բայց գործի իրական քննությունը վերջին ամիսներին է սկսվել: Տուժողի իրավահաջորդների դիրքորոշումն այն է, որ նախաքննության սկզբնական շրջանում ամենաբարձր ազդեցությունը, ամենալուրջ ազդեցությունը մնացած գործի մասնակիցների նկատմամբ ունենալու պոտենցիալ ունեցող մասնակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, պիտի կալանքի տակ գտնվի, որովհետև մենք գործ ունենք, ըստ էության, կազմակերպված հանցավորության [հետ], էն արարքը, որ մեղսագրվում է նրան և ևս մի քանի մասնակիցների էդ գործողության, կազմակերպված հանցագործություն է, և հաշվի առնելով նախկինում իր ունեցած դերը և այսօրվա իր կարգավիճակն ու հնարավորությունները՝ շատ բարձր հավանականություն կա, որ նա կազդի քննության մասնակիցների վրա և կխոչընդոտի քննությունը: Սա եղել է մեր կայուն դիրքորոշումը և շարունակում է մնալ: Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակ նրա անազատության մեջ մնալը ուղղակիորեն բխում է նախաքննության շահերից և մասնավորապես քննությանը չխոչընդոտելու շահերից:
«Ազատություն»․ - Նա մեկուսարանից չի՞ կարող դա անել, օրինակ՝ փաստաբանների միջոցով կապ հաստատել, ենթադրենք, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի հետ: Ի վերջո՝ տարիներ շարունակ իրավապաշտպաններն ասել են, որ կալանքը պիտի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն կիրառվի:
Գրիգորյան․- Ես կարծում եմ, որ սա հենց ծայրահեղ անհրաժեշտություն է, ծայրահեղ անհրաժեշտության նվազագույն շեմը շատ անգամ գերազանցած վիճակն է: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը իր փաստաբանների միջոցով կարող է քննությանը, օրենքի շահին հակառակ գործողություններ կատարել, նախ, որովհետև, ես չեմ կարծում, որ նրա պրոֆեսիոնալ պաշտպանական թիմը իրեն թույլ կտա նման գործողությունների մեջ ներքաշվել․․․
«Ազատություն»․ - Էդ միջնորդական դերը ստանձնել, հա՞:
Գրիգորյան․ - Վստահաբար՝ ես նման կասկած չունեմ, ես չեմ կարծում, որ նրանք նման դերակատարություն կստանձնեն, նրանք պրոֆեսիոնալ փաստաբաններ են, նրանք էթիկայի բոլոր հնարավոր բարձր ստանդարտները բավարարած մարդիկ են, մասնագետներ են: Ես բացառում եմ էդ հնարավորությունը:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում նախկին նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: Երեկ էլ դատարանը բավարարեց Քոչարյանի կալանքը ևս առնվազն երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․