Մատչելիության հղումներ

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը շարունակվում է․ Բաքուն հակադարձում է Մոսկվային


Ռուսաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը շարունակվում է: Պաշտոնական Բաքուն պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա քննադատական հայտարարությանը՝ հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանի տարածք չթողնելու վերաբերյալ, իր հերթին կշտամբել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը:

«Այս հարցում Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության անհասկանալի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Այդ մոտեցումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կամքին ու այդ ուղղությամբ նրանց կողմից կատարվող քայլերին»:

Տարաձայնությունների պատճառը հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կիրառած խտրական վերաբերմունքն է, որն անցած շաբաթ նախ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն էր քննադատել, ապա՝ նախարար Սերգեյ Լավրովը: Բաքուն այդ հայտարարությունները սադրիչ ու հակաադրբեջանական էր որակել, Մոսկվան արձագանքել էր՝ Բաքվի «տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից»:

Շարունակելով հեռակա բանավեճը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե իր արձագանքը համարժեք է եղել Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը: «Ադրբեջանն ու Ռուսաստանը իրավահավասար պետություններ են: Ադրբեջանի հետ վերջնագրերի տոնայնությամբ խոսելն անընդունելի է և լիովին հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, զգուշացնելով՝ ադրբեջանական կողմը իր հետագա գործողությունները կձեռնարկի Ռուսաստանի արտգործնախարարության քայլերին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG