Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը: Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG