Մատչելիության հղումներ

Դատաիրավական համակարգի ներսում նստած է գլավլիտը. Նաիրա Զոհրաբյան


Դատաիրավական համակարգի ներսում նստած է գլավլիտը և անկախ այն հանգամանքից կա իշխանության կողմից պատվեր, թե ոչ, այդ համակարգը փորձում է սպասարկել քաղաքական շահը: Այս մասին համոզմունք հայտնեց Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ նոր իշխանությունների օրոք չհաջողվեց խուսափել գործարար Սամվել Մայրապետյանի գործը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ուղարկելուց:

Նշենք, որ Եվրոպական դատարանը բավարարել է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը։ Մայրապետյանի պաշտպանները Եվրոպական դատարանից խնդրել էին Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել նրա անձնագիրը և թույլատրել, իր կողմից մատնանշված, Գերմանիայում գտնվող բուժհաստատությունում բուժում ստանալու նպատակով անհապաղ մեկնել երկրից: Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պահանջել է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան:

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհարբյանն ասաց, թե խորհուրդ կտա քաղաքական ուժերին շատ չքննարկել Եվրոպական դատարանի որոշումը և դրա փոխարեն անել առավելագույնը, որպեսզի բողոքները պարզապես չհասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ նոր իշխանության օրոք հնարավորություն չեղավ խուսափել գործը եվրոպական դատարան հասնելուց, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց, - «Որովհետև իրավական համակարգի բազմաթիվ դատավորների ներսում նստած է էդ գլավլիտը։ Անկախ նրանից իրենց պետպատվեր կա, թե ոչ, իրենք առաջնորդվում են քաղաքական կոնյունկտուրաներով։ Այդ մարդկանցից շատերի մեջ ներքին ստրուկը նստած է, չեն կարող ազատագրվել, եթե անգամ չկա զանգ, չկա քաղաքական պատվեր, չկա պրեսինգ, իրենք ենթադրելով, որ իրենց հնարավոր որոշումը կարող է սպասարկել քաղաքական շահ միգուցե նրանցից շատերը առաջնորդվում են ներքին գրաքննիչի թելադրանքով»։

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ հիմա Մայրապետյանին պե՞տք է հնարավորություն տրվի, որպեսզի նա գնա Գերմանիա բուժում ստանալու, Նաիրա Զոհրաբյանն ասաց, - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ որոշումը կայացրել է, ես իրավասու չեմ մեկնաբանելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ չի հասցրել հետևել այդ գործի մանրամասներին, բայց եթե իրենց հանձնաժողովին դիմեն, ապա նաև այս գործը կպահեն ուշադրության կենտրոնում:

Հարցին էլ, թե քաղաքական դրդապատճառներ այդտեղ տեսնո՞ւմ է, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես որևէ բան չեմ կարող ասել, ես հույս ունեմ, որ էդտեղ քաղաքական որևէ դրդապատճառ չպիտի լինի»։

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենց արդեն դիմել են մի շարք հարցերով՝ հանրային լսումներ անցկացնելու խնդրանքով, այդ թվում Թեղուտի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված, իրենց դիմել են նաև մտավորականներ՝ մշակույթի նախարարության կրճատման հարցով, ինչպես նաև բազմաթիվ դիմումներ՝ ցմահ ազատազարկման դատապարտված անձանց հետո կապված:

Հարցին, թե արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենքոյանի գործով քննարկումններ անցկացնելու հարցով դիմումներ ստացել են, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե իրեն դիմել են և՛ տուժող կողմից, և՛ Ենքոյանին սատարողների կողմից։ Անուններ չտալով, Զոհրաբյանը հորդորեց՝ չփորձել այս հարցով իրեն սպառնալ և ճնշումներ գործադրել:

«Այո, երկու կողմից էլ և՛ տուժողի հարազատների կողմից, և՛ Ենոքյանին սատարող շահագրգիռ անձանց կողմից էսպիսի քննարկումների փուլ կա, և ես նորից ուզում եմ առանց որոշակի փակագծեր բացելու ասել, որ ինձ վրա չի կարելի ճնշում գործադրել, և որևէ մեկը չփորձի ինձ դասեր տալ, թե ինչ պետք է անել: Ում որ հասցեագրված է իմ խոսքը, կարծում եմ, կհասկանան, որևէ մեկը չմտածի, որ ինձ կարող է ուղղորդել, ինձ կարող է սպառնալ։ Այո, ցմահ ազատազրկվածների խնդիրը մենք քննարկելու ենք։ Այո, որպես պատգամավոր ես հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ մենք քննարկելու ենք ցմահներին ներման շնորհելու, հատկապես շատ դաժան հանցագործություններով դատապարտված ցմահներին ներման շնորհելու, ինչ-որ մի փուլում նաև տուժողների իրավահաջորդների հետ, գոնե, խնդիրը քննարկելու հարցը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին, թե կիսո՞ւմ է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկ հնչեցրած մտահոգությունները, որ հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ, Զոհրաբյանը պատասխանեց, թե չկա որևէ երկիր, անգամ ամենաժողովրդավարական, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ չլինեն:

Հիշեցնենք, երեկվա իր ելույթում, Էդմոն Մարուքյանն ասել էր, թե «Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների մասին բարձրաձայնողներ չկան, այն մարմինները որոնք կոչված են խոսել, նրանք վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից:

Արձագանքելով ընդդիմության կողմից հնչեցված մտահոգություններին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ իհրակե, բոլոր խնդիրները լուծված չեն, բայց հեղափախության միջոցով խնդիրների մի զգալի մասը լուծվել է:

«Իհարկե, ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ դեռ լուծված չեն, ինչի՞ մասին է խոսքը», - նշեց Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG