Միջուկային խնդրով Հյուսիսային Կորեայի ավագ բանագնաց Կիմ Յոն Չոլը երեկ ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, ինչից հետո նրան կարող է ընդունել նաև նախագահ Դոնալդ Թրամփը:
Ենթադրվում է, որ բանագնացը Թրամփին կփոխանցի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի նամակը:
Վաշինգտոնում և Փհենյանում քննարկվում է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովն անցկացնելու հնարավորությունը:
Երեկ Թրամփն ազդարարել է հակահրթիռային պաշտպանության նոր ռազմավարության մասին, որում Հյուսիսային Կորեան նշվում է իբրև «արտառոց սպառնալիք»:
Թրամփն ինքը նկատել է տվել, որ առաջիկայում կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարին:
«Մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատել [Կիմ Չեն Ընի հետ], շատ լավ բաներ են տեղի ունենում, ես երբեք արագությունը հաշվի չեմ առնում, այսպես էր անցած ավելի քան 8 տարում», - ասել է Թրամփը` խոսելով Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների մասին:
Դոնալդ Թրամը և Կիմ Չեն Ընը հանդիպել են 7 ամիս առաջ Սինգապուրում:
Բանագնաց Կիմ Յոն Չոլը Վաշինգտոն էր ժամանել և Թրամփին նամակ էր փոխանցել այդ հանդիպումից առաջ:
Առաջին հանդիպումից հետո երկու ղեկավարներն ազդարարել են Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու և երկու երկրների հարաբերությունները բարելավելու մտադրության մասին:
Սակայն դրանից հետո էական առաջխաղացում միջուկային խնդրում չի եղել: Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու համար պահանջում է, որ Միացյալ Նահանգները նախ չեղարկի պատժամիջոցները:
Որպես նվաճում Թրամփը նշել է, որ Փհենյանը միջուկային զենքի և հրթիռների նոր փորձարկումներ չի իրականացրել:
The Washington Post-ի փոխանցմամբ, երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա մարտին կամ ապրիլին: