Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը երեկ ավտովթարի մասնակից է դարձել: Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության համաձայն՝ 97-ամյա արքայազնը չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել արքայական ընտանիքին պատկանող Սանդրինգհեյմյան պալատի մոտակայքում, որտեղ Ֆիլիպի վարած Range Rover մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի:
Դեպքի վայրում գտնվող անցորդներն օգնել են Ֆիլիպին դուրս գալ շրջված մեքենայից: Նրանց փոխանցմամբ՝ «Ֆիլիպը շատ ցնցված տեսք ուներ»:
Արքայազնին անմիջապես զննել են բժիշկները, ինչից հետո նա վերադարձել է Սանդրինգհեյմյան պալատ:
Դեպքը հետաքննում են ոստիկանները: Այս պահին հայտնի չէ, թե վարորդներից որ մեկն է խախտել երթևեկության կանոնները:
Անցյալ տարի Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է հանրային ակտիվությունը դադարեցնելու մասին: