Մատչելիության հղումներ

Արուսյակ Ջուլհակյան․ Պետք է սահմանենք մեծամասնության համար ընդունելի խաղի կանոններ


«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է: Ի թիվս այլ թեմաների՝ հարցազրույցի ընթացքում քննարկվում են Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման հարցը․

«Ազատություն»․ - Սահմանադրությունից չհեռանալով, տեսեք, այն, ինչի դեմ դուք պայքարում էիք, հիմա ծառայում է ձեր իշխանությանը, և այդ «շապիկն» էլ Սերժ Սարգսյանից փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին:

Արուսյակ Ջուլհակյան․ - Ես չէի ասի, որ ծառայում է, բայց դա այն խաղի կանոնն է, որը, թեկուզ բազմաթիվ խախտումներով, բայց ընդունվել է 2015 թվականին, և դա է այն մայր օրենքը, և դա է, այսպես ասած, այն պայմանագիրը՝ գուցե ոչ լեգիտիմ, բայց այս պահին մենք ունենք դա և ժամանակ չենք ունեցել դրա փոփոխությունների շուրջ թե՛ մտածելու, թե՛ լուրջ և ամբողջական քննարկումներ անցկացնելու: Հետևաբար, այս պահի դրությամբ խաղի կանոնները դրանք են, և մենք պարզապես պետք է դրանք ընդունենք ի գիտություն՝ մենք չենք կարող ո՛չ դրանք այս պահին փոխել, ո՛չ, առավել ևս, խախտել: Հետևաբար, այդ «շապիկը», որ մենք կրում ենք, մենք կրում ենք ոչ թե այդքան մեծ հպարտությամբ և մեծ կամքով, այլ ուղղակի պարտադրաբար՝ դա հերթական ժառանգությունն է, որը մեզ փոխանցվել է նախորդ իշխանությունից:

«Ազատություն»․ - Իսկ տեսնո՞ւմ եք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:

Ջուլհակյան․ - Ես գտնում եմ, որ, այո, կան շատ դրույթներ, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն և լուրջ փոփոխության: Բացի դրանից, քանի որ մենք, ու հանրության մեջ կա ձևավորված այդ կարծիքը, որ սահմանադրական փոփոխությունները և հանրաքվեն անց են կացվել լուրջ խախտումներով և լուրջ ընտրակեղծիքներով, դրանք չունեն մեծ լեգիտիմություն, այսպես ասած: Եվ ես գտնում եմ, որ, այո, այդ էջը փակված չէ, և մենք, այդուհանդերձ, պետք է սահմանենք այնպիսի խաղի կանոններ, որոնք ընդունելի կլինեն հանրության մեծամասնության կողմից:

«Ազատություն»․ - Մինչև դա կարելի է նաև որոշ օրենքներո՞վ, հա՞, ինչպես ասում են՝ այդ «շապիկի կոճակները քանդել»: Օրինակ, հիմա ամենաքննադատվողը՝ որ վարչապետին չենթարկվեն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը և ոստիկանապետը:

Ջուլհակյան․ - Այդ երկուսն էլ պետք է բավականին ակտիվ քննարկվեն թե՛ Ազգային ժողովում, ինչպես նաև, ես գտնում եմ, որ․․․

«Ազատություն»․ - Էլ ի՞նչ քննարկվեն՝ ձեր դաշինքի առաջնորդը դեմ է եղել ժամանակին դրան, որ ենթարկվեն վարչապետին, հիմա ժամանակը չէ՞ ուղղելու այդ սխալը:

Ջուլհակյան․ - Էդ որոշումը չի կարող կայացվել միանձնյա՝ դրա շուրջ պետք է ծավալվի բավականին լուրջ և բովանդակային քննարկում:

«Ազատություն»․ - Նկատի ունեի՝ տեսնո՞ւմ եք այդ անհրաժեշտությունը, գոնե կառավարությանը տալ․․․

Ջուլհակյան․ - Ինչո՞ւ ոչ: Ես անձամբ լուրջ անհրաժեշտություն էս պահին չեմ տեսնում՝ առնվազն Ազգային անվտանգության ծառայության կտրվածքով, Ոստիկանությունը՝ գուցե: Բայց ես կարծում եմ, որ այս ամենը քննարկման հարցեր են:

«Ազատություն»․ - Եթե վաղը խորհրդարանի առջև հավաքվեն ցուցարարներ, որոնք կասեն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրան պետք է ազատ արձակել, բացի այն, որ որպես պատգամավոր կասեք, որ «դա մեր տիրույթում չէ՝ արդարադատությունն է զբաղվում դրանով», ուրիշ․․․

Ջուլհակյան․ - Դա, իհարկե, նրանց իրավունքն է, բայց ես անկեղծորեն չեմ հավատում, որ բացի անձնական շահից, այսինքն՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ, որոնք չունեն անձնական, ֆինանսական կամ այլ կապեր Ռոբերտ Քոչարյանի կամ նրա մերձավորների հետ, նման պահանջով կարող են գալ Ազգային ժողովի դիմաց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ինչևէ, եթե կգան, դա նրանց իրավունքն է, ես նրանց կարծիքը որևէ կերպ չեմ կիսում:

«Ազատություն»․ - Նա [Ռոբերտ Քոչարյանը] ասում է, Դուք գիտեք, նաև իրավաբան եք, որ «ես ինքս չէի կարող տապալել կարգը, որ իմն էր սահմանադրական կարգը, ինքս ինձ չէի կարող տապալել», ավելի պատկերավոր եթե ասեմ:

Ջուլհակյան․ - Նա իրեն փորձում է նույնացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հետ, և եթե ասում է, որ «ինքս ինձ չէի կարող տապալել», բայց փաստը մնում է փաստ, որ դա տեղի է ունեցել: Նա եղել է քաղաքական թիվ մեկ պատասխանատուն 2008 թվականի մարտի 1-ին, և այն, որ հիմա փորձում է գցել իր մեղքը բոլորի վրա, բոլոր հնարավոր անձանց վրա՝ բացի իրենից, առնվազն, իմ կարծիքով, բարոյական չէ:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG