Մատչելիության հղումներ

Ջերեմի Քորբինը «Բրեքզիթ»-ի հարցով նոր հանրաքվեի կողմնակից է


Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին, արխիվ
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին, արխիվ

Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր քաղաքական կառույցի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նկատել է տվել, որ կաջակցի «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու գաղափարին այն դեպքում, եթե կառավարությունը մերժի Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ լեյբորիստների դիրքորոշումը, և արդյունքում սեղանին որևէ տարբերակ չմնա:

«Եթե կառավարությունը մնա անզիջում, եթե «Բրեքզիթ»-ի հարցով լեյբորիստների այլընտրանքային տարբերակը մերժվի, և երկիրը հայտնվի առանց գործարքի «Բրեքզիթ»-ի գնալու աղետալի վտանգի առաջ, մեր պարտքը կլինի փնտրել այլ լուծումներ, այդ թվում՝ հանրության քվեարկությունը»,- ասել է Քորբինը՝ երեկ ելույթ ունենալով Անգլիայի հարավում գտնվող Հասթինգս առափնյա ավանում:

Նա հավելել է, որ պատրաստ է բանակցել վարչապետի հետ միայն այն դեպքում, եթե Թերեզա Մեյը հրապարակավ բացառի գործարք չկնքելու հնարավորությունը:

«Ուրախ կլինեմ Ձեզ հետ խոսել, բայց ելակետը պետք է լինի գործարք չկնքելու աղետալի տարբերակի բացառումը, այդ դեպքում կարող ենք քննարկել Եվրոպայի հետ մեր ապագա հարաբերությունները, բայց խնդրում եմ, վարչապետ, նախ բացառեք գործարք չկնքելու հնարավորությունը», - ասել է Քորբինը:

Նրա կարծիքով, գուցե եկել է «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի երկարաձգման մասին խոսելու ժամանակը:

Եթե Մեյը չկարողանա կոնսենսուս կայացնել, աշխարհի 5-րդ տնտեսությունը համարվող Միացյալ Թագավորությունը Եվրոպական միությունից դուրս կմնա առանց պայմանագրի, ինչը կհանգեցնի արտահերթ նոր ընտրությունների և գուցե նոր հանրաքվեի:

Քորբինի կարծիքով, թվում է, թե Մեյը պատրաստ է «երկիրը հասցնել անդունդի եզրին», մինչդեռ խորհրդարանի աջակցությունը ստանալու համար նա պարտավոր է ավելի լուրջ մոտեցում դրսևորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG