Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ընդունել է Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվային: Մամուլի համատեղ ասուլիսում Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Զիմբաբվեի համար ծանր շրջանը ժամանակավոր է: Լուկաշենկոն նշել է, որ ավելի քան 20 տարի առաջ Բելառուսը ևս ծանր ժամանակներ է ապրել: «Յուրաքանչյուր երկիր, որը փորձում է բարեփոխել, բարելավել ու կառուցել իր տնտեսությունն ու հասարակությունը՝ անցնում է այդ դժվարին փուլով»,- նշել է նա:
Զիմբաբվեի նախագահը ասել է, որ իր երկիրը շուրջ երկու տասնամյակ մեկուսացման ու պատժամիջոցների տակ էր: «Արևմուտքի սահմանած տնտեսական խիստ պատժամիջոցների հետևանքով Զիմբաբվեի ազգային արժույթը 2009-ին փլուզվել է»,- ասել է Էմերսոն Մնանգագվան:
Զիմբաբվեի նախագահը այցելություններ է կատարում Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ու Ադրբեջան՝ ակնկալելով այդ երկրների հետ շահավետ տնտեսական համաձայնագրեր կնքել ու վարկեր ստանալ: Վառելիքի գների բարձրացման հետևանքով Զիմբաբվեում բողոքի ցույցեր են սկսվել: 75-ամյա Էմերսոն Մնանգագվան Զիմբաբվեի նախագահ է դարձել 2017 թվականին՝ գրեթե չորս տասնամյակ երկիրը ղեկավարած Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո: