Մատչելիության հղումներ

Մեյը պահպանել է պաշտոնը, բայց «Բրեքզիթ»-ի խնդիրը չի լուծվել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

«Մենք կատարելու ենք «բրեքզիթի» հարցով մեր խոստումը»

Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած «Բրեքզիթ»-ի գործարքը, 432 դեմ և 202 կողմ քվեների հարաբերակցությամբ, հունվարի 15-ին մերժվել է, սակայն, մեկ օր անց կառավարությունը 325 կողմ և 306 դեմ քվեներով վստահություն է ստացել:

Մեյը երեկ գոհունակություն է հայտնել քվեարկության արդյունքի կապակցությամբ և ասել է, որ մտադիր է իրականացնել «Բրեքզիթ»-ի հանրաքվեով ստանձնած Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու դժվար պարտավորությունը:

«Եվ այո, մենք կատարելու ենք ժողովրդին տված մեր խոստումը հանրաքվեի որոշումն իրականացնելու և Եվրոպական միությունից դուրս գալու մասին», - ասել է Մեյը:

Վարչապետն առաջարկել է ընդդիմադիր կուսակցություններին՝ անհապաղ բանակցել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Գործարքը պաշտոնապես մեռած է»

Ընդդիմադիր լեյբորիստների լիդեր Ջերեմի Քորբինը երկու դիպուկ բառով է բնութագրել «Բրեքզիթ»-ի գործարքն՝ այն անվանելով «պաշտոնապես մեռած»:

Մեյն ասել է, որ արդեն զրուցել է լիբերալ-դեմոկրատների ղեկավար Ուինս Քեյբլի, Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար Իեն Բլեքֆորդի և Ուելսի շահերը ներկայացնող «Փլայդ Քամրի» կուսակցության ղեկավար Լիզ-Սևիլ Ռոբերտսի հետ:

Մեյն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ լեյբորիստների ղեկավար Քորբինը դեռ չի արձագանքում բանակցելու առաջարկին:

«Բրեքզիթ»-ի գործարքի մերժումը համարվում է խորհրդարանի Համայնքների պալատում կառավարության ամենածանր պարտությունն արդիական Բրիտանիայի պատմության ընթացքում:

Վատագույն տարբերակը՝ «կոշտ «Բրեքզիթ»

«Բրեքզիթ»-ի ժամկետը մարտի 29-ն է, եթե մինչ այդ գործարք չկնքվի, կամ չընդունվի ժամկետը ևս մի քանի ամսով երկարաձգելու որոշում, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության հարաբերությունները կթևակոխեն «կոշտ բրեքզիթի» փուլ. Բրյուսելը կպահանջի մաքսակետ և անցակետ տեղակայել Եվրամիության անդամ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին, ինչը կարող է բորբոքել իռլանդական հին հակամարտությունը:

Կծագեն անթիվ վեճեր առևտրի ասպարեզում, քանի որ դա այլևս կդառնա երկու առանձին սուբյեկտների՝ Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության առևտուր:

Դա կհանգեցնի իսկական տնտեսական քաոսի, որովհետև կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի իր մաքսատուրքներն ու սակագները: Վեճերը չկարգավորվելու դեպքում, կտեղափոխվեն միջազգային դատարաններ: Բացի այդ, իրավական անորոշ կացության մեջ կհայտնվեն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր անձնական հանգամանքների, կամ աշխատանքի և ուսման բերումով Եվրամիության անդամ երկրների անձնագրերով ապրում են Բրիտանիայում, կամ բրիտանական անձնագրերով՝ Եվրամիության տարածքում:

Սոսկ տեսականորեն, Բրիտանիան կարող է Բրյուսելին խնդրել երկարաձգել «Բրեքզիթ»-ի ժամկետը, կամ նույնիսկ անցկացնել նոր հանրաքվե:

Ամսվա վերջին կքննարկվի «պահեստային» տարբերակը

«Բրիտանացիները պետք է որոշեն, ժամանակ գրեթե չի մնում», - երեկ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Բրեքզիթ»-ի ծրագրի հաջորդ՝ վճռորոշ քննարկումը, տեղի կունենա այս ամսվա վերջին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում մեծամասնության խոսնակ Անդրեա Լիդսոմն այսօր ասել է, որ հունվարի 29-ին խորհրդարանը կքննարկի և քվեարկությամբ որոշում կընդունի Մեյի առաջարկած «Բրեքզիթ»-ի երկրորդ՝ «պահեստային» տարբերակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG