Պենտագոնը պաշտոնապես հաստատում է չորեքշաբթի երեկոյան Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով չորս ամերիկացիների` երկու զինծառայողների և երկու քաղաքացիական անձանց մահվան մասին տեղեկությունները: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհերից երկուսը Սիրիայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանման զինծառայողներ էին, մեկը Պենտագոնի քաղաքացիական աշխատակիցներից էր, մյուսը՝ պայմանագրային ծառայող:
Reuters-ի տեղեկություններով՝ ինքնասպան ահաբեկչի գործողության հետևանքով ևս երեք ամերիկացիներ են վիրավորվել: Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է քաղաքային շուկայի ռեստորաններից մեկում, այն պահին, երբ ամերիկացիները հանդիպում էին տեղի քրդական ուժերի հրամանատարների՝ այսպես կոչված «Մանբիջի ռազմական խորհրդի» անդամների հետ:
Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով, Մանբիջում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 16 մարդ է զոհվել՝ այդ թվում հինգ քուրդ աշխարհազորային: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը Մանբիջը վերահսկում էր շուրջ երկու տարի` 2014-ից 2016 թվականներին:
Չնայած այն հանգամանքին, որ իսլամիստներին երեկ հաջողվեց ամերիկացիներին Սիրիայում գտնվելու գրեթե չորս տարիների ընթացքում ամենածանր հարվածը հասցնել, Սպիտակ տանը շարունակում են պնդել` «Իսլամական պետություն»-ը ջախջախված է, իսկ ամերիկյան 2-հազարանոց ստորաբաժանման դուրսբերման հարցը` վերջնականապես լուծված:
«Մենք խոստացել էինք, որ գործող նախագահի պաշտոնավարման ընթացքում պայքարը ծայրահեղ իսլամիստների դեմ կընթանա մեր թելադրած պայմաններով և այն տարածքներում, որտեղ նրանք են գործում: Մեր գլխավոր հրամանատարի ղեկավարության և Զինված ուժերի համարձակության ու անձնազոհության շնորհիվ այժմ մենք ի վիճակի ենք Սիրայում «Իսլամական պետության» դեմ պայքարը փոխանցել մեր կոալիցիոն գործընկերներին: Մեր զորքերը վերադառնում են տուն: Խալիֆաթը ջախջախված է, իսկ «Իսլամական պետություն»-ը պարտություն է կրել», - երեկ Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մի քանի ժամ անց հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ամերիկացի կոնգրեսականները, սակայն, նույնքան լավատես չեն, որքան Սպիտակ տան ղեկավարությունը: Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն, օրինակ, պնդում է, որ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի Սիրիայից զորքերի դուրսբերման որոշումը: «Նախագահի այդ որոշումը ոգևորել է մեր թշնամիներին», - պնդում է սենատորը:
«Յուրաքանչյուր ամերիկացի էլ ցանկանում է, որպեսզի մեր զորքերը վերադառնան հայրենիք: Մենք, սակայն, ցանկանում ենք վստահ լինել, որ այդ վերադարձից հետո մեր անվտանգությունն ապահովված կլինի: Ըստ իս, այն մարդիկ, որ զոհվեցին այսօր «Իսլամական պետության» դեմ պայքարում, պաշտպանում էին Ամերիկան: Հուսով եմ, որ նախագահը առավել մանրամասնորեն և լրջորեն կդիտարկի այն ամենը, ինչ մենք անում ենք Սիրիայում», - հայտարարել էր ամերիկացի սենատորը:
Մանբիջի հարցում թերևս ամենաշահագրգիռ արտաքին ուժի` Թուրքիայի ներկայացուցիչները, սակայն, հույս ունեն, որ երեկ տեղի ունեցած հարձակումը չի ստիպի ամերիկացիներին վերանայել զորքերի դուրսբերման մասին որոշումը:
«Իսլամական պետություն»-ն է ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը, և այդ գործողությունը կարող է որոշակիորեն ազդել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի` զորքերի դուրսբերման որոշման վրա: Ես, սակայն, տեսնում եմ Թրամփի վճռականությունն այս հարցում և չեմ կարծում, որ նա այս ահաբեկչական հարձակման պատճառով կվերանայի իր իսկ կայացրած որոշումը», - Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: