Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը այսօր հայտնել է ուկրաինացի կին լրագրող Օլենա Բոյկոյին ձերբակալելու մասին: Իշխանությունները նրան մեղադրում են 2014-ից սկսած ինտերնետում «հակաուկրաինական նյութեր» հրապարակելու մեջ: Անվտանգության ծառայության հաղորդագրությունում նշված է, որ նա, գտնվելով անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հրապարակավ կոչեր է արել փոխել Ուկրաինայի սահմանները կամ պետական կառուցվածքը:
Ռուսաստանը Օլենա Բոյկոյին Ուկրաինա է վտարել հունվարի 16-ին: Անցած դեկտեմբերին Մոսկվայի դատարանը նրան տուգանել էր միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար և երկրից վտարելու որոշում ընդունել: Լրագրողի փաստաբանն ասել է, որ Բոյկոն մի քանի անգամ դիմել է Ռուսաստանում ապաստան ստանալու համար, սակայն նրա դիմումները մերժվել են: