Մատչելիության հղումներ

Վաղուց հասունացել է 18 տարեկաններին առաջնագծից հանելու հարցը. Անդրանիկ Քոչարյան


Վաղուց հասունացել է առաջնագծի կառուցվածքն ու ինժեներական ամբողջ համակարգը վերադասավորելու, վերակառուցելու, ուժեղացնելու և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնելու հարցը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով 18-ամյա զինծառայողներին առաջնագծից դուրս բերելու հարցին։

Քոչարյանը նշեց՝ թեև որոշ փաստարկներ են բերվում, որ նախագծի կիրառման համար բավարար տնտեսական և ֆինանսական միջոցներ չկան, համոզված է, որ առաջնագծի փոփոխությունը «կարող է ապահովել նաև տնտեսական էֆեկտ»։

«Իմ զինվորական ընկերները հիմնականում կիսում են իմ տեսակետները, միակ արգումենտը, որ դեմ են իմ տեսակետի հիմա կիրառմանը, դա զուտ տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ, նույն Տնտեսական հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում, որ առաջնագծի փոփոխությունն ինքը կարող է ապահովել նաև տնտեսական էֆեկտ. եթե առաջնագծի զինվորականները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, նրանք այդ աշխատավարձը կներդնեն տվյալ տարածքում՝ իրենց ընտանիքները կմոտեցնեն տվյալ տարածք՝ առաջնագծից հանելով 18 տարեկան երեխաներին, մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք, բնականաբար, մի քիչ ավելի ներքև կպատրաստենք նրանց որպես հերթափոխի մեր զինվորներ», - ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը նախկինում էլ հայտարարել է, որ պետք է փոխել առաջնագծում զինվորների տարիքային ցենզը՝ առաջնագծից իջեցնելով 18 տարեկաններին։

Նշենք, որ Ազգային ժողովում շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG