Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը վերադիրքավորվում է, Հրանտ Մարգարյանը՝ զիջում դիրքերը


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցությունը վերադիրքավորվում է, իսկ շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընտրված Հրանտ Մարգարյանը՝ զիջում դիրքերը. Դաշնակցության ղեկավար կազմի այս ընտրություններում նա չի առաջադրի իր թեկնածությունը։

«Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր, ինչպես վերը նշեցի, վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա։ Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ, և առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

Բյուրոն ընտրվում է 4 տարի ժամկետով: Այժմ ունի 11 քաղաքական ներկայացուցիչ: Հայաստանից ներկայացված են Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը և Կիրո Մանոյանը: Հրանտ Մարգարյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է 2000 թվականից:

«Առանց դյուզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ», - ընդգծեց Մարգարյանը։

Դաշնակցության ղեկավար կազմի երկարամյա ներկայացուցիչը, մինչ հրաժեշտը, 33-րդ Ընդհանուր ժողովում իր ծավալուն ելույթում նախ անդրադարձավ 128-ամյա կուսակցության դեմ մղած թե՛ արտաքին ուժերի, թե՛ իր դեմ դուրս եկած կուսակցականների պայքարին:

«Սակայն այսօր ուզում եմ նաև անդրադառնալ, այսպես կոչված, ներկուսակցական ընդդիմությանը, որ ընդհանուր մթնոլորտից ազդված ունեցավ պահեր ու պարագաներ, որ մոռացվեցին մեր ավանդությունները, մեր կարգն ու բարոյական հասկացողությունները՝ ակամա ջուր լցնելով այլոց ջրաղացին։ Ապա անցած երկար տարիներին պայքարը հասկանալիորեն կենտրոնացված է եղել իմ անձի դեմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետև մենք մեզ թույլ չենք տվել հակականոնադրային, մեր բարոյական, ավանդական հասկացողություններին հակառակ պատասխանել այդ արշավին», - նշեց Հրանտ Մարգարյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Դաշնակցության ներկայացուցիչը կոշտ քննադատել է նորընտիր իշխանությանը: Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չի արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները։

«Չափազանց մեծ է վտանգը օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման և անձնակենտրոն իշխանության ամրապնդման։ Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են, վատագյուն դեպքում, երկիրը մի քանի տարով հետ գցել բնականոն զարգացումից։ Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երևարկվում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ։ Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետևանք են, դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են, ապա կարող են կործանարար լինել», - ասաց Դաշնակցության ներկայացուցիչը։

Դաշնակցությանն այլ ելք չի մնում, քան, Խորհրդարանից դուրս, լինել ժողովրդի կողքին և տուն ուղարկել այս իշխանությանը: Կուսակցական 33-րդ համաժողովում հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

«Անընդհատ և ամենուրեք և ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչև հաջորդ ընտրություններ կառավարությունը և Խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն։ Հաջորդ ընտրություններին, արդեն, տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը», - ընդգծեց Մարգարյանը։

Դաշնակցության Ընդհանուր ժողովը անցկացվում է Արցախում, աշխատանքներն սկսել է այսօր և կշարունակվի մինչև հունվարի 24-ը: Ժողովի ավարտին կընտրվի Բյուրոյի նոր կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG