Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Մենք այնպես կանենք, որ Թուրքիային լավ լինի»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսը մտադիր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ` մասնավորաբար ռազմաքաղաքական ասպարեզում: Այս մասին պաշտոնական այցով Մինսկ ժամանած Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հայտնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ինձ հաճելի է հանդիպել մի մարդու, որը կոչված է նախանշել Թուրքական Հանրապետության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է ձեր տարածաշրջանում», - հայտարարում էր Բելառուսի նախագահը` գովեստի խոսքեր շռայլելով թուրքական բանակի հասցեին:

«Մենք ուշի ուշով հետևում ենք Թուրքիայի զինված ուժերի գործողություններին: Ես շատ բարձր եմ գնահատում դրանց արդյունավետությունը և ամենակարևորը` այդ գործողությունների ծրագրված բնույթը: Մենք հասկանում ենք, որ ձեզ շատ դժվար է, ձեր երկրի վրա մի շարք հզոր պետություններ այսօր հուժկու ճնշում են գործադրում: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիայի համարձակ ժողովուրդը կկարողանա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ոչ միայն Թուրքիայի ներսում են առկա, այլև դրսից են ներկրվում», - հայտարարում էր Լուկաշենկոն:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդպման ժամանակ Լուկաշենկոն նաև խոստանում էր, որ առաջիկայում պաշտոնական Մինսկը կանի հնարավորը Թուրքիայի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

«Մենք մշտապես եղել ենք ձեր երկրի վստահելի բարեկամն ու գործընկերը: Մենք միշտ աշխատել ենք այնպես անել, որ Թուրքիային լավ լինի: Դուք պետք է իմանաք, որ մենք հավատարիմ կմնանք քաղաքական այդ կուրսին թե՛ տնտեսական ասպարեզում, թե՛ քաղաքականությունում և թե՛ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», - նշում էր Բելառուսի նախագահը:

Չնայած Հուլուսի Աքարի այցի մասին թուրքական և բելառուսական կողմերը գերադասում են սահմանափակ տեղեկատվություն տրամադրել, այնուհանդերձ, ակնհայտ է, որ քննարկման առանցքային թեման Մինսկի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացումն է: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան պաշտոնական էջում մի շարք լուսանկարներ են զետեղվել, որոնցից պարզ է դառնում, որ Հուլուսի Աքարը այցելել է Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ` ծանոթանալով դրանց արտադրանքին: Դատելով այս լուսանկարներից` Աքարին հետաքրքրել են հատկապես բելառուսական արտադրության նռնականետերը և դիպուկահար հրացանները:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ոչ միայն ռազմական, պաշտպանական ոլորտներում, այլև տնտեսության, մշակույթի, սոցիալական ասպարեզներում: Կարծում եմ, որ մեր երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռնարկված ջանքերը արդեն իսկ դրական արդյունքներ են տալիս», - հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը:

2015 թվականից ի վեր գործում է Ռազմարդյունաբերական համագործակցության թուրք-բելառուսական խորհուրդը, որի աշխատանքի առաջին արդյունքները արդեն իսկ տեսանելի են:

2018-ի հուլիսին Թուրքիան հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության օպերատիվ-մարտավարական «Խան» հրթիռային համակարգերը, որոնց ստեղծմանը մասնակցել էր նաև բելառուսական կողմը: Պաշտոնական Մինսկը նաև հայտարարում էր, որ առաջիկա տարիներին զարգացնելու է հրթիռների արտադրության սեփական ծրագիրը` հաշվի առնելով թուրքական փորձը:

Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը իր կազմում գործող հատուկ նշանակության ջոկատների համար թուրքական արտադրության հրազեն է ձեռք բերել: Այս գործարքի մանրամասները և ֆինանսական ծավալները կողմերը չեն գաղտնազերծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG