Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը։

Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։

Դեռևս չի հստակեցվել՝ Քոչարյանը մասնակցո՞ւմ է նիստին, թե՞՝ ոչ: Նշենք, որ հայցը քննվում է փակ ընթացակարգով։

Կա ևս մեկ միջնորդություն, որը ներկայացրել են նախկին նախագահի պաշտպանները՝ Քոչարյանին գրավով ազատելու մասին։ Նախքան նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լրագրողների հետ ճեպազրույցում ասացին, որ եթե այսօր դատարանը բավարարի ՀՔԾ միջնորդությունը, ապա արդեն անիմաստ կլինի քննել կալանքը գրավով փոխարինելու իրենց միջնորդությունը։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG