Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Բելառուսի ինքնիշխանությանը վտանգներ են սպառնում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին խոսում է երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին: Երեքշաբթի օրը նա այդ մասին հայտարարեց Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ` ներկայացնելով մի շարք մարզերի վարչակազմերի նորանշանակ ղեկավարներին:

«Ես արդեն ասացի, որ այս տարին առանձնահատուկ է մեզ համար: Ավելի ճիշտ, թե' 2019 և թե' 2020 թվականները դյուրին չեն լինելու` հագեցած քաղաքական իրադարձություններով: Աջից և ձախից, արևմուտքում և արևելքում մեր ինքնիշխանությունն ու անկախությունը լուրջ վերանայման են ենթարկելու: Մենք պետք է պատրաստ լինենք դրան», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:

«Հագեցած քաղաքական իրադարձություններով» ասելով Լուկաշենկոն նկատի ունի 2020 թվականին Բելառուսում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Որոշ տեղացի վերլուծաբաններ չեն բացառում, որ հարևան պետությունները` նախևառաջ Ռուսաստանը, կարող են օգտվել նախընտրական իրավիճակից` պաշտոնական Մինսկից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով: Լուկաշենկոն ակնարկում է, որ Բելառուսի պետական կառավարման ապարատը արտաքին ուժերին միջամտության նման առիթներ չպետք է պարգևի:

«Որևէ մեկը մեզ տեղից չի շարժի, եթե մենք արդյունավետորեն աշխատենք և գոնե չվատթարացնենք մեր քաղաքացիների կյանքի որակը: Բելառուսցիները արժանի են նորմալ կյանքի: Եվ մենք, պահպանելով ինքնիշխանությունն ու անկախությունը, պարտավոր ենք բարելավել մեր քաղաքացիների կյանքը», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Թեև Բելառուսի նախագահը երեկ կայացած խորհրդակցության ընթացքում դիմում էր իր անմիջական ենթականերին, այնուհանդերձ, կարելի է ենթադրել, որ նրա հայտարարությունների գլխավոր հասցեատերերը Մոսկվայում են: Ռուսաստանյան նավթամթերքների` Բելառուսի կողմից վերավաճառքի շուրջ ծագած վեճի ֆոնին մոսկովյան իշխանությունները շարունակում են պնդել, թե Մինսկին կրած որևէ կորուստ չեն փոխհատուցելու: Հիշեցնենք, որ Ռուսաստանում կատարված հարկային նոր փոփոխությունների հետևանքով Բելառուսի բյուջեի մուտքերը միայն 2019-ին կարող է նվազել 400 միլիոն դոլարով: Որպես փոխզիջումային տարբերակ Մոսկվայում դիտարկում են Ռուսաստան-Բելառուս միությանը նոր շունչ հաղորդելը:

RBK-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը երեկ նշում էր. - «Բելառուսները ասում են` սուբսիդավորեք մեր նավթամշակման գործարանները: Մենք, սակայն, չենք կարող սուբսիդավորել օտար պետությանը պատկանող ձեռնարկությունները: Դա հնարավոր կլինի միայն ինտեգրման ավելի բարձր մակարդակի դեպքում: Եթե ուզում եք նման բարենպաստ ռեժիմ ստանալ, եկեք կրկին Միութենական պայմանագրի շուրջ քննարկումներ անցկացնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG