Մատչելիության հղումներ

Թրամփ. «Երբեք չեմ աշխատել Ռուսաստանի համար»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է լրագրողների հարցերին Վաշինգթոնից Նյու Օրլեան մեկնելուց առաջ, 14 հունվարի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է լրագրողների հարցերին Վաշինգթոնից Նյու Օրլեան մեկնելուց առաջ, 14 հունվարի, 2019թ.

«Ձեր այդ հարցն իսկ խայտառակություն է»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերստին դատապարտել է 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի միջամտության հարցով հետաքննությունը և պնդել, որ ռուների հետ շահերի բախում ոչ մի պարագայում չի եղել:

«Երբեք չեմ աշխատել ռուսների համար, և դուք այդ պատասխանը բոլորից լավ գիտեք: Ես երբեք չեմ աշխատել Ռւսաստանի համար: Ոչ միայն երբեք չեմ աշխատել, այլև, կարծում եմ, ձեր այդ հարցն իսկ խայտառակություն է, որովհետև այդ ամենը մի մեծ կեղծիք է», - ասել է Թրամփը նախագահական ուղղաթիռով Նյու Օրլեան մեկնելուց առաջ:

Անցած կիրակի օրը The Washington Post-ը գրել է, թե Սպիտակ տունը թաքցնում է 2017 թվականի հուլիսի 7-8-ին Համբուրգում գումարված «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպման բուն օրակարգի մասին տեղեկությունները:

Այդ հանդիպմանը ներկա են եղել միայն երկու նախագահների թարգմանիչները: Զրույցից հետո Թրամփը վերցրել է իր թարգմանչի կատարած սղագրությունը և պահանջել է նրանից որևէ պարագայում ոչ մեկին տեղեկություններ չհայտնել հանդիպման մասին:

«Նա խախտել է բոլոր ընթացակարգերը»

Օրենսդիրներին վրդովել է այդ կարգադրությունը: Դեմոկրատական սենատորներ Ջիննի Շահինը, Մարք Ուորները և Բոբ Մենենդեսը պահանջել են օրենսդիրներին փոխանցել թարգմանչի գրառումները:

«Եթե Թրամփն իսկապես արգելանք է դրել գրառումների վրա, ապա նա խախտել է բոլոր ընթացակարգերը»,- հայտարարել է Ուորները:

Նա դժգոհություն է հայտնել նաև անցյալ տարվա ամռանը Հելսինկիում տեղի ունեցած Պուտին - Թրամփ հանդիպման վերաբերյալ:

«Ամերիկյան կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ են քննարկել Թրամփը և Պուտինը Հելսինկիում, որտեղ, անկեղծ ասենք, Թրամփն ի տես աշխարհի ստորաքարշություն էր անում Պուտինի առաջ»,- ասել է սենատքրը:

Ըստ ԱՄՆ օրենսդիրների, մինչև այդ պատմության ընթացքում Կոնգրեսից երբեք չեն թաքցրել տեղեկատվությունն օտար երկրի ղեկավարի հետ գործադիրի բանակցության մասին:

Ոչ միայն տարօրինակ, այլև վրդովեցուցիչ

«Պուտինի հետ Թրամփի հարաբերությունների գաղտնիությունը ոչ միայն տարօրինակ է պատմական չափանիշների առումով, այլև վդրովեցուցիչ է, քանի որ խոչընդոտում է կառավարությանը ծառայող փորձագետների և խորհրդականների աշխատանքը և, անկասկած, Պուտինին տալիս է Թրամփին հսկողության տակ պահելու ավելի մեծ հնարավորություն», - ասել է Սթրուբ Թելբոթն, ով Բիլ Քլինթոնի նախագահության օրոք զբաղեցրել է փոխպետքարտուղարի պաշտոնը և 1990-ականներին մասնակցել է ռուս-ամերիկյան տասնյակ գագաթնաժողովների:

«Պետք չէ դա մեծ խնդիր դարձնել»

Անդրադառնալով The Washington Post-ի հունվարի 13-ի հրապարակմանը՝ Թրամփն ասել է, որ Պուտինի հետ նշված հանդիպումը շատ հաջող է անցել:

«Մենք խոսել ենք Իսրայելի, ռուս-գերմանական գազատարի, ամենատարբեր բաների մասին: Ի դեպ, ես ունեցել եմ առանձնազրույցներ աշխարհի նաև մյուս լիդերների, օրինակ, Չինաստանի նախագահի, Ճապոնիայի վարչապետի հետ, պետք չէ դա մեծ հարց սարքել», - ասել է Թրամփը:

Մինչդեռ, մեկ այլ պարբերական՝ The New York Times-ը, պնդում է, որ դեռ 2017 թվականին հետաքննությունների դաշնային գործակալությունը նախաձեռնել է վարույթ, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք Թրամփը ռուսների շահերը չի՞ սպասարկել, երբ պաշտոնանկ է արել հետաքննությունների դաշնային ծառայության այն ժամանակվա տնօրեն Ջեյմս Քոմիին:

Այդ հետաքննությունն, ի վերջո, միացվել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ռուսների միջամտության հարցով հետաքննությանը, որը վարում է հատուկ դատախզ Ռոբերտ Մյոլերը:

«Դրանք սրիկաներ են և կեղտոտ մենթեր»

Երեկ Նյու Օրլեան մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփն ասել է, թե այդ գործն օրակարգ է բերվել այն բանից հետո, երբ ինքը պաշտոնանկ է արել Քոմիին:

Թրամփը ռուսական միջամտության մասին խոսող հետաքննությունների դաշնային գործակալության և արդարադատության նախարարույան նախկին աշխատակիներին անվանել է known scoundrels, dirty cops՝ «հայտնի սրիկաներ և կեղտոտ մենթեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG