Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընտրեց երեք փոխնախագահներին


«Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ։

Լենա Նազարյանի օգտին քվեարկել է 124 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի օգտին՝ 109 պատգամավոր, և ընդդիմադիր թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին՝ 108 պատգամավոր։

Ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար մրցակցում էին ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը: Մինչև նախագահությունում իր տեղը զբաղեցնելը Էնֆիաջյանը մի փունջ վարդերով նախ մոտեցավ Թանդիլյանին:

Իշխանական «Իմ քայլի» ձայներն էին որոշիչ լինելու՝ Էնֆիաջյա՞նը, թե՞ Թանդիլյանը կդառնա փոխխոսնակ: Խորհրդարանական մեծամասնությունը որոշեց աջակցել Էնֆիաջյանին՝ նշելով, որ առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ ժողովուրդը ԲՀԿ-ին է ավելի շատ ձայն տվել։ «Լուսավոր Հայաստանից» հակադարձում էին՝ սահմանադրության մեջ նման ամրագրում չկա։

Արդյունքների հրապարակումից հետո Լուսավորից Էդմոն Մարուքյանի հայտարարեց․ - «Ես կարծում եմ, մեկ բառով դա կարելի է որակել՝ խայտառակ»:

ԱԺ փոխխոսնակ ընտրված Վահե Էնֆիաջյանը վստահեցնում էր՝ իր անելիքը գիտի․ - «Ժողովրդի ձայնն եմ բերելու խորհրդարան»:

Չնայած «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի, ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար առաջադրված Մանե Թանդիլյանի օգտին 19 պատգամավոր էր քվեարկել: Քվեարկությունը փակ և գաղտնի է, ուստի մնում է ենթադրել՝ քաղաքական որոշմանը չենթարկված այդ միակ պատգամավորը կարող էր լինել թե՛ իշխանական «Իմ քայլից», թե՛ «Բարգավաճ Հայաստանից»:

Մանե Թանդիլյանը կարծում է, թե նա իշխանական խմբակցությունից էր․ - «Ճանապարհ ենք անցել և որոշ պատգամավորներ կարող են և իրավունք ունեն քվեարկել խղճի և մտքի կամոք: Իմ պատկերացումների մեջ տեղավորվում են այդպիսի պատգամավորներ «Իմ քայլը» դաշինքից»:

Երեկվանից հիմնական բանավեճը հենց ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության շուրջ էր: Իշխանական խմբակցության որոշումը հրապարակել էր, բայց «Լուսավոր Հայաստանից» դեռ հորդորում էին պատգամավորներին ազատ քվեարկության հնարավորություն տալ:

Իշխանությունը կարծիքը չփոխեց: ԱԺ փոխխոսնակ Արարատ Միրզոյանը ամբիոնից հայտարարեց․ - ««Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ ինքը իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը: Հարգում է այդ քվեարկության արդյունքը և հաշտվում է իրողությունների հետ՝ անկախ նրանից, թե այլ պայմաններում ինչպիսի նախընտրություն կունենար»:

ԲՀԿ - ԼՀԿ փոխադարձ հակադարձումները առավոտյան էլ շարունակվեցին: Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին հորդորեց չմտնել իրենց և իշխանության կռվի արանքը․ - «Մենք ձեզ հետ որևէ կռիվ չենք տվել էս առումով: Եթե դրա կարիքը լինի, ես չեմ հապաղի հետ գնալ, ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցում հեռացրել նախարարի պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական: Ձեր կուսակցությունից են արել, չէ՞: Բայց դա մենք չենք ասել: Հիմա ստիպում եք, որ մենք մտնենք էդ բանավեճի մեջ»:

Էդմոն Մարուքյանն առաջնաելույթի դրդեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին․ խմբակցության տեսակետը հայտնելու համար հենց նա մոտեցավ ամբիոնին: Ըստ «Պառլամենտ մոնիթրինգի», սա 16 տարվա պատգամավորական աշխատանքի ընթացքում Ծառուկյանի առաջին ելույթն էր ամբիոնից․ - «Ես ուզում եմ մինչև իմ միտքը շարունակելը մի երկու բառ ասել պարոն Մարուքյանին, մեր կլասիկ պատգամավորին, որ բոլորդ էլ դուք տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ: Լիարժեք ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Եվ պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իրա ձեռը ջերմ սեղմել եմ: Եվ ամսի 10-ին էլ ես շնորհավորել եմ: Ասենք թե, իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել, ինքն էլ չմասնակցեր, կլինեիք առաջինը․․․ Մինչև մեզ չվիրավորեն, մեզ չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի: Բայց որևիցե մեկը եթե փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG