Զիմբաբվեում վառելանյութի գների կտրուկ բարձրացման դեմ բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Էմերսոն Մնանգագվան այցելում է Ռուսաստան, ապա նաև Ղազախստան, Բելառուս և Ադրբեջան:
«Ադրբեջանն ու Ղազախստանը էներգառեսուրսներով հարուստ, ամենաարագ զարգացող երկրներից են, հետաքրքիր են նաև զբոսաշրջության տեսանկյունից», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է հարավաֆրիկյան այդ երկրի նախագահի խոսնակ Ջորջ Չարամբան` ընդգծելով, որ Ադրբեջանի դեպքում Մնանգագվան հույս ունի համագործակցել ծխախոտի արդյունաբերության և շինարարության ոլորտներում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հարարեում դիզվառելիքի գների բարձրացմամբ պայմանավորված բողոքի ակցիաները չեն մարում, դրանք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, հաղորդվում է նաև, որ ցուցարարները փողոցներ են փակում, անկարգություններ իրականացնում:
75-ամյա Մնանգագվան Զիմբաբվեի նախագահ է դարձել 2017 թվականին՝ գրեթե չորս տասնամյակ երկիրը ղեկավարած Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո: Ռազմական հեղաշրջումից առաջ նա երկար տարիներ զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը: Երկրում ընդվզումներ էին սկսվել, երբ Մուգաբեն փորձել էր չեզոքացնել «Կոկորդիլոս» մականունով հայտնի Մնանգագվային և դեպի իշխանություն ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար: