Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունն այսօր ժողովրդին ու պետությանը չի թալանում. Փաշինյանը՝ «գործող իշխանության դեմ մեդիա արշավի» մասին


Լրատվական դաշտի 90 տոկոսը կա՛մ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կա՛մ իշխանությանն ընդդիմադիր ուժերին, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, իր բնորոշմամբ, գործող իշխանությունների դեմ տարվող մեդիա արշավին։

Նշելով, որ նախկին իշխանություն ասելով «երկու սուբյեկտ» նկատի ունի՝ նա ասաց, որ այնուամենայնիվ «անուններ չի տա»։

«Խնդիրն անունները քննարկելը չէ։ Լրատվական դաշտի 90 տոկոսը գտնվում է կա՛մ այդ երկու նախկին իշխանության ներկայացուցիչ սուբյեկտների տիրապետության տակ, կա՛մ մեզ ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ։ Այս առումով ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև, ըստ էության, իշխանությունները և՛ ֆինանսական, և՛ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում։ Մեզ ընդդիմադիր ուժերի ձեռքում գտնվող լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռքին։ Ինչո՞ւ եմ սա ասում և ինչո՞ւ է սա կարևոր՝ մի պարզ պատճառով, որ հիմա լրատվական դաշտում տեղի է ունենում հետևյալ պրոցեսը, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել՝ ասել, որ տարբերություն չկա, ահա, այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին Հանրապետականն էր, և բերվում են արհերքելի փաստեր, ինչո՞ւ անհերքելի, որովհետև, օրինակ, ասում են՝«հանրապետականներն ունեին մի քիթ, երկու ականջ, մեկ բերան, երկու ձեռք, այս իշխանությունը՝ նույնպես», «նախորդ վարչապետն էլ երկու աչք ուներ, երկու ականջ, մի քիթ, մի բերան, հիմա տեսեք, որ էս վարչապետն էլ ունի, նույնն է, ոչ մի տարբերություն»։ Ես պատկերավոր եմ ասում, բայց էությունը նույնն է։ Դա արվում է նրա համար, որ իբր էն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել երկրում և այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի և իմ քաղաքական թիմի դեմ տարվող քարոզարշավը», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ժողովրդին ու պետությանը չի թալանում։ «Սա այն փոփոխությունն է, որի մասին մենք երազել ենք շատ երկար տարիներ, սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է և ժամանակի հարց։ Երկրորդը՝ Հայաստանում իշխանությունը ձևավորված է ժողովրդի կողմից, Հայաստանի քաղաքացիներն են ձևավորել իշխանություն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը։ Մենք եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու, եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կլինենք, եթե ոչ՝ չենք լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG