Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել պահանջող ցուցարարները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում


ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր մերժել է պաշտպանական կողմի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Նիստից հետո Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով դատարանի առջև բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ առաջիկա երեք օրվա ընթացքում հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը քննում էր նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքը։

Ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ այսօր դատարանի առջև էին նաև մի խումբ փաստաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ։

Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նախորդ՝ հունվարի 11-ի դատական նիստից հետո ցուցարարները թքել էին Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. - «Այսօր զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանները պաշտպանված չեն, և դա հարված է մեր պետությանը։ Մենք այստեղ ենք, քանի որ ցանկանում ենք մեր փաստաբանին օժանդակել»:

«Ազատության» հարցին, թե արդյոք իրավիճակն այդքան լարված է, Զոհրաբյանն արձագանքեց, թե վտանգ է տեսնում այս ամենի մեջ՝ ավելացնելով. - «Եթե մի չարիքի դեմը չենք առնում, դա ծնում է ավելի մեծ չարիք։ Եթե վիրավորում են փաստաբանին, հիմա անցնում են գործողությունների, հիմա արդեն թքում են փաստաբանի վրա, բնականաբար հաջորդը կարող է լինել ծեծ, նաև մարդասպանություն։ Մենք պետք է «ոչ» ասենք նման արատավոր գործողություններին և փորձենք դա կանխել»։

2018-ի դեկտեմբերի 21-ի երեկոյան Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Սակայն, ըստ պաշտպանական կողմի, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը այլ հիմքեր ևս ունի, որոնք փաստաբան Արսեն Մկրտչյանը «նպատակահարմար չի գտնում» ներկայացնել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG