Լեհական հիվանդանոցներից մեկում մահացել է երեկ երեկոյան դանակահարված Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը:
Այս տեղեկությունը հաստատել է Լեհաստանի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին: Երկրի խոշորագույն քաղաքներից մեկը 1998 թվականից ղեկավարող Ադամովիչը հարձակման էր ենթարկվել Գդանսկի կենտրոնում կազմակերպված բարեգործական մի միջոցառման ընթացքում:
Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել էր հանցագործության վայրում: Լեհական աղբյուրների փոխանցմամբ, նա 27 տարեկան է, նախկինում է դատապարտված է եղել կողոպուտի համար:
«Այժմ մենք փորձում ենք պարզել, թե ինչպես է այդ մարդուն հաջողվել մոտենալ Գդանսկի քաղաքապետին: Մեր տեղեկություններով նա բեմ բարձրանալու համար լրագրողական վկայականից է օգտվել: Ամենակարևոր հարցը այս փուլում սակայն մեկն է` ի՞նչն է ստիպել այդ մարդուն նման գործողության դիմել», - հետաքննության ընթացքը մեկնաբանելով՝ նշել է Գդանսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Կարինա Կամինսկան: