Մատչելիության հղումներ

Թրամփը «տնտեսական ավերներով» է սպառնում Թուրքիային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ, Տեխաս, 10 հունվարի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ, Տեխաս, 10 հունվարի, 2019թ.

Նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում տեղադրած գրառմամբ նախազգուշացրել է, որ թուրքական զորքի կողմից Սիրիայում Վաշինգտոնի աջակցությունը վայելող քրդական ջոկատների վրա հարձակման դեպքում Ամերիկան կձեռնարկի Թուրքիայի տնտեսության համար ավերիչ գործողություններ:

Սիրիայում քրդերի զինյալ խմբերը համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցներն «Իսլամական պետության» դեմ պայքարում, մինչդեռ, Անկարան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում գտնվող այդ զինյալներին ահաբեկիչներ է անվանում:

Անկարայի հասցեին սպառնալիք հնչեցնելու հետ մեկտեղ Թրամփը Սիրիայի քրդերին հորդորել է «զերծ մնալ Թուրքիային սադրող քայլերից»:

Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայից զորքի «այդքան սպասված և ուշացած դուրսբերումը»:

Ամերիկան Սիրիայում 2014 թվականին տեղակայել է մոտ 2 հազար զինծառայող: Ըստ Պենտագոնի, արդեն մեկնարկել է ռազմական սարքավորումների և տեխնիկայի դուրսբերումը, և առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի նաև մարդուժի դուրսբերումը:

Անկարան արդեն պատասխանել է Թրամփին. նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակը Թվիթերում գրել է, թե «Սիրիայի քրդերի և քուրդ զինյալների միջև հավասարության նշան դնելը ճակատագրական սխալ է»:

Միաժամանակ խոսնակը գրել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Վաշինգտոնի և Անկարայի ռազմավարական գործընկերությանը:

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ սպառնալիքներից չենք վախենում և տեղի չենք տա: Հետևաբար հնարավոր չէ մեր հասցեին տնտեսական սպառնալիքներ հնչեցնել և ինչ-որ արդյունքի հասնել», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Զորքը Սիրիայից դուրս բերելու Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 19-ի որոշումն անակնկալ էր տարածաշրջանում Միացյալ Նահանգների բոլոր դաշնակիցների համար:

Արաբական տարբեր մայրաքաղաքներում և Իսրայելում նկատել տվեցին, որ այդ որոշումը ձեռնտու է միայն Թեհրանին, Մոսկվային, Դամասկոսին և Անկարային, իսկ Սիրիայի քրդերն այդ վճիռը «դավաճանություն» են անվանել, քանի որ պարզ էր, որ հենց քրդական ջոկատները կդառնան Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի թիվ մեկ թիրախը:

Այդ որոշումն անսպասելի էր նաև ԱՄՆ բարձրաստիճան քաղաքական գործիչների համար: Ի պատասխան Թրամփի կարգադրության, հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն, ով մեծ հարգանք ունի ոչ միայն Պենտագոնում, այլև Ներկայացուցիչների տանն ու Սենատում, ընդ որում և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատականների շրջանում:

Դոնալդ Թրամփն ասել էր, թե ամերիկյան զինուժը շատ արագ կհեռանա Սիրիայից, բայց օրեր անց նշել է, որ դուրսբերումը ժամանակ կպահանջի:

Թրամփն առաջարկում է ստեղծել մոտ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կպաշտպանի քրդերին թուրքերի գրոհներից:

«Չեմ ցանկանա, որ քրդերն էլ, իրենց հերթին, սադրեն Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և Սիրիային: Քրդերն ամենամեծ ներդրումն ունեն «Իսլամական պետությանը» ջախջախելու գործում, և մենք շնորհակալ ենք նրանց այդ բանի համար, սակայն հիմա պետք է մեր զորքը տուն վերադարձնել»,- գրել է Թրամփը:

Ի դեպ, Սիրիան հայտարարել է, թե պատրաստ է քննարկել քրդերին հուզող հարցերը:

«Սիրիայի կառավարությունը շարունակում է շփումները քրդերի հետ: Երկխոսությունը երբեք չի ընդհատվել: Մենք պատրաստ ենք քրդերին տալ երաշխիքներ, պայմանով, որ նրանք հավատարիմ կլինեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ժողովրդի միասնության գաղափարին», - երեկ ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սաուսանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG