Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի մերձավորարևելյան այցը նախատեսվածից շուտ է ավարտվել: Պատճառը պետքարտուղարի կնոջ ազգականներից մեկի մահն է, որի պատճառով Փոմփեոն չեղարկել է այցը Քուվեյթ և Օմանի մայրաքաղաք Մասկաթից մեկնել հայրենիք:
Reuters-ի տեղեկություններով՝ այցի ավարտին Պետդեպարտամենտի ղեկավարը հասցրել է հանդիպել նաև Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ: «Թագավոր Սալմանի հետ հանդիպումը շարունակվել է շուրջ 35, իսկ թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ` շուրջ 45 րոպե», - հաղորդում է գործակալությունը: «Այդ հանդիպման ընթացքում պետքարտուղար Փոմփեոն և թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը ընդհանուր հայտարարի են եկել Եմենում լարվածության հետագա թուլացման շուրջ», - հաղորդում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը:
Պետքարտուղարության ղեկավարը նաև խոստացել էր Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ քննարկել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության թեման: Առայժմ, սակայն, նման քննարկումների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: